3 բրոնզե մեդալ` Կիևի մրցաշարից
15.02.16 09:13
Փետրվարի 13-14-ին Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում կայացած` Ուկրաինայի անվանի մարզիկներին և մարզիչներին նիրված միջազգային 20-րդ մրցաշարին ի թիվս 6 երկրները ներկայացնող 100 ըմբիշների`մասնակցում էր նաև Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը` Արայիկ Բաղդադյանի գլխավորությամբ:
Հայ մարզիկները Կիևում 3 բրոնզե մեդալ են նվաճել:
Մրցումային առաջին օրը մրցագորգ էին դուրս եկել 57 կգ, 65 կգ, 74 կգ և 97 կգ քաշային կարգ ունեցող ըմբիշները: Ինչպես տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը` հայ ըմբիշներից միայն 57 կգ քաշային Գարիկ Բարսեղյանին հաջողվեց մրցանակային տեղ զբաղեցնել: Նա 1/8 եզրափակիչում հաղթեց ուկրաինացի Ալեքսանդր Բուլատին, քառորդ եզրափակչում առավելության հասավ ուկրաինացի Սերգեյ Ռատուշնիի նկատմամբ, սակայն կիսաեզրափակչում զիջեց կրկին ուկրաինացի ըմբիշի:
Բրոնզե մեդալի համար պայքարում Բարսեղյանը հաղթեց Ուկրաինան ներկայացնող Արմեն Առաքելյանին:
Իսկ մրցումային 2-րդ օրը` 61 կգ, 70 կգ, 86 կգ և 125 կգ քաշային ըմբիշների պայքարում մեր թիմից հաջողության հասան միայն 61 կգ քաշային Վալոդյա Ֆրանգուլյանն ու 70կգ քաշային Վալտեր Մարգարյանը: Ֆրանգուլյանը մեկնարկային գոտեմարտում պարտվեց իրանցի ըմբիշ Մեհրան Նասիրիաֆրաչալիին, իսկ բրոնզե մեդալի համար պայքարում առավելության հասավ ուկրաինացի Պետրո Բիելիչուկի նկատմամբ, իսկ Մարգարյանն էլ կրկին մեկնարկային գոտեմարտում պարտվեց իրանցի մարզիկի, սակայն բրոնզե մեդալի համար պայքարում հաղթեց ԱՄՆ-ի ներկայացուցիչ Աարոն Պիկոյին:
Այսպիսով` Հայաստանի հավաքականի ըմբիշները հայրենիք կվերադառնան 3 բրոնզե մեդալով:
Նշենք, որ Հայաստանի հավաքականի կազմում Կիև էին մեկնել Գարիկ Բարսեղյանը, Գառնիկ Մնացականյանը (57 կգ), Վալոդյա Ֆրանգուլյանը (61 կգ), Դավիթ Սաֆարյանը (65 կգ), Վալտեր Մարգարյանը (70 կգ), Գրիգոր Գրիգորյանը, Վարուժան Կաջոյանը (74 կգ), Մուսա Մուրթազալիևը, Շամիր Աթյանը, Հաջիմուրադ Նուրմոգամեդովը, Սարգիս Հովսեփյանը (86 կգ), Էդգար Ենոքյանը, Անդրանիկ Գալստյանը (97 կգ) և Լևան Բերիանիձեն (125 կգ):
Հավելենք, որ Կիևում մեդալների են արժանացել նաև հունահռոմեական ոճի, ազգությամբ հայ ըմբիշներ` Բրազիլիան ներկայացնող 130կգ քաշային Էդուարդ Սողոմոնյանը (բրոնզ) ու Ուկրաինան ներկայացնող 66կգ քաշային Արմեն Վարդանյանը (արծաթ):

