Էդմոնդ Թարվերդյանի 3 «հրացանակիրները» (տեսանյութ+լուսանկարներ)Էդմոնդ Թարվերդյանի 3 «հրացանակիրները» (տեսանյութ+լուսանկարներ)

Էդմոնդ Թարվերդյանի 3 «հրացանակիրները» (տեսանյութ+լուսանկարներ)

23.12.15 12:42
Էդմոնդ Թարվերդյանի 3 «հրացանակիրները» (տեսանյութ+լուսանկարներ)

Կալիֆորնիայի ամենահայաշատ քաղաքում՝ Գլենդեյլում է գտնվում Glendale Fighting club-ը, որտեղ մարզիչ Էդմոնդ Թարվերդյանի գլխավորությամբ մարզվում են ինչպես հայ, այնպես էլ այլազգի մարզիկներ:

Մարզադահլիճի դռները բաց են բոլորի համար, բայց այնտեղ առանձնահատուկ տեղ ունեն հայ մարզիկները:

Glendale Fighting club-ում են մարզվում բռնցքամարտիկ Վիտո Գասպարյանը, քիք-բռնցքամարտն ու այժմ նաև բնցքամարտը համատեղող Մելսիկ Բաղդասարյանն ու կարատիստ Կամո Ունանյանը:

Sport.Slaq.am-ի թղթակիցը Գլենդեյլում այցելել է հայ մարզիկներին, ներկա գտնվել նրանց մարզումներին ու զրուցել անցնող տարվա, հաջողությունների ու բացթողումների, ինչպես նաև առաջիկա ծրագրերի մասին:


Վիտո Գասպարյան. Ես «մեռնում եմ» Հայաստանի համար, բառերով չեմ կարող նկարագրել, բայց միևնույն ժամանակ 20-25 օրից ավել չեմ կարող ապրել Հայաստանում:

Ակումբի հնաբնակներից առաջին էլ բռնցքամարտիկ Վիտո Գասպարյանն է, ով դեռևս 11 տարի առաջ՝ 18 տարեկանում ընտանիքով տեղափոխվելով ԱՄՆ, սկսել է սիրողական բռնցքամարտից անցնել պրոֆեսիոնալի ու մինչև օրս էլ շարունակում է մարզվել ու մենամարտեր անցկացնել:

Առաջին քայլեր …

6 տարեկանից սկսեցի բռնցքամարտով զբաղվել: 4 անգամ դարձա Հայաստանի չեմպիոն` պատանիներից մինչև մեծահասակներ:

Մեծահասակների թիմի կազմում Եվրոպայի առաջնությունում նվաճեցի Եվրոպայի բրոնզե մեդալ ու հետո այնպես ստացվեց, որ ընտանիքով տեղափոխվեցինք ԱՄՆ: Այդ ժամանակ 18 տարեկան էի:

Vito.jpg

Սիրողականից դեպի պրոֆեսիոնալ բռնցքամարտ, հաջողություններ ու անհաջողություններ…

Արդեն ԱՄՆ-ում սիրողականից անցա պրոֆեսիոնալ բռնցքամարտի: Բայց այդ անցումն այնքան էլ հեշտ չէր, սպորտային առումով ամեն ինչ լավ էր, իսկ սպորտից դուրս ամեն ինչ այնքան էլ հեշտ ու հարթ չէր: Հայաստանում էի թողել ընկերներիս ու եկել: Օտար երկրում էի, չէի տիրապետում լեզվին, ամեն ինչ անծանոթ էր ու գիտակցում էի, որ պետք է ամեն բան սկսեմ նորից:

3-4 տարի շատ դժվար էր, բայց ժամանակի ընթացքում ամեն բան քիչ-քիչ կարգավորվեց, արագ սովերեցի լեզուն: Ու չնայած դրան` ամեն ինչ էլի կապվում էր Հայաստանի հետ` ընկերներ, հարազատներ, առաջին սեր…

Vito Gasparyan Glendale Fighting club.jpg

Անկեղծ կլինեմ, բռնցքամարտում էլ են եղել դժվարություններ, բայց քաղցր պահերն ու հիշողություններն ավելի շատ են: Պրոֆեսիոնալ մենամարտերում ունեմ 15 հաղթանակ, 2 պարտություն: 9 մենամարտ հաղթել եմ նոկաուտով, ոչ մի անգամ ինքս նոկաուտով չեմ պարտվել: 2 պարտություններս էլ, կարելի է ասել, շատ հարաբերական են, քանի որ 2 մարզիկներն էլ բավական ուժեղ էին, 2 էլ հիմա աշխարհի չեմպիոններ են իրենց քաշային կարգերում:

Մարզումներ Էդմոնդ Թարվերդյանի գլխավորությամբ…

Էդմոնդ Թարվերդյանի հետ սկսել եմ աշխատել 2008 թվականից, մարզվել եմ 1.5, տարի հետո որոշ հարցեր առաջացան ու դադարեցի այստեղ մարզվել: Մի քանի տարի անց կրկին հանդիպեցինք, զրուցեցինք ու ամեն բան կարգավորվեց: Այժմ ես մարզվում եմ այլ ակումբում, բայց այստեղ դռները միշտ բաց են իմ առաջ:

Էդմոնդը որպես մեծ ընկեր միշտ ասում է, որ կարող եմ գալ ու մարզվել: Մենամարտերից առաջ միշտ օգնում է ինձ իր խորհուրդներով, որի համար իսկապես շատ-շատ շնորհակալ եմ:

Vito Gasparyan GFC.jpg

Կարոտ ու սեր դեպի հայրենիքը…

Իհարկե, հիմա ապրում եմ ու մարզվում այստեղ, բայց բառերով չեմ կարող ասել, թե ինչ եմ զգում, երբ խոսում ենք Հայաստանի համար: Կարելի է ասել, որ ես մեռնում եմ Հայաստանի համար: Խոսքով, բառերով չեմ կարող ասել, բայց 20-25 օր ամենաշատը, ավելին չեմ կարող էնտեղ անցկացնել: Տարին 1 անգամ՝ ամռանը անպայման գնում եմ: Իհարկե ավելի շատ կուզեի, բայց չեմ կարողանում համատեղել:

Vito G Glendale Fighting club.jpg

Անցնող տարին ու առաջիկա ծրագրերը…

Ընդհանուր առմամբ անցնող տարին չեմ կարող ասել, որ լավ էր: 2 մենամարտ եմ ընդամենը անցկացրել: Առաջին մենամարտի ժամանակ ականջս վնասվեց, հետո բարդություններ ի հայտ եկան, վիրահատություն եղավ ու հիմա մի քանի ամիս չեմ կարող մենամարտել մինչ լիակատար ապաքինվելս: Օրգանիզմս էլ մի քիչ հանգստի կարիք ունի` մի քիչ կհանգստանամ ու ամեն բան կկարգավորվի:

V gasparyan Glendale Fighting club.jpg

Մելսիկ Բաղադասարյան. «Ոչ մի գիտակից մարդ չի կարող մոռանալ իր հայրենիքը, բայց կյանքի բերումով ապրում եմ ԱՄՆ-ում ու էստեղ փորձում առաջ գնալ»

Քիք-բռնցքամարտիկ Մելսիկ Բաղդասարյանի մենամարտերին բազմիցս անդրադարձել ենք: Գրեթե բոլոր հաղթական մենամարտերից հետո շնորհավորել մարզիկին ու կիսվել իր տպավորություններով: Իսկ հիմա հնարավորություն ունեցանք անձամբ ներկա գտնվել նրա մարզմանն ու զրուցել Մելսիկի հետ անցնող տարվա, առաջիկա ծրագրերի ու շատ այլ հարցերի շուրջ:

Երկար դադարից հետո այցելություն Հայաստան

Արդեն գրեթե 4 տարի է` ապրում ու մարզվում եմ Ամերիկայում: Այս ընթացքում միայն մեկ անգամ եմ եղել Հայաստանում, Եղեռնի 100-րդ տարելիցի կապակցությամբ ես և մարզիչս՝ Էդմոնդ Թարվերդյանը, մեկնեցինք Հայաստան: Ինչպես գիտեք, մեզ հետ էր նաև հանրաճանաչ մարզուհի Ռոնդա Ռոուզին, ով մարզվում եմ մեզ հետ միասին:

Սկզբում շատ դժվար էր, թղթերս ամբողջովին պատրաստ չէին, երկար ժամանակ չէի կարողանում գնալ Հայաստան, հետո թղթային բոլոր հարցերը կարգավորվեցին, բայց արդեն մեմանարտերն էին խանգարում մեկնել: Ի վերջո ապրիլին ստացվեց գնալս:

Քիք-բռնցքամարտից անցում դեպի բռնցքամարտ

Ացնող տարին ընդհանուր առմամբ նորմալ էր:

3 մենամարտ եմ անցկացրել բռնցքամարտում, քիչ-բռնցքամարտում մենամարտեր չունեցա: Իհարկե, այդ 3 մենամարտերը տարվա կտրվածքով քիչ են, բայց սկսնակ բռնցքամարտիկի համար կարծում եմ, որ վատ արդյունք չէ: Քիք-բռնցքամարտից դեպի բռնցքամարտ անցումն այնպես ստացվեց, որ մարզիչս՝ Էդմոնդ Թարվերդյանի գլխավորությամբ որոշեցինք, որ կարելի է նաև բռնցքամարտով զբաղվել: Բայց հիմա նորից զբաղվում եմ քիք-բռնցքամարտով, մարզվում, քանի որ հունվարին պատրաստվում եմ Չինաստանում մեծ մրցաշարի մասնակցել: Վստահ եմ, որ շատ դժվար է լինելու: Շատ ուժեղ տղաներ են մասնակցում, հավաքվելու են բոլոր լավագույնները:

Անձամբ ծանոթ չեմ մենամարտող մարզիկներին, չգիտեմ ով է լինելու մրցակիցս: Բայց գիտեք, որ 3 անգամ հաղթել եմ չինացի մարզիկների :Ինչևէ, կա լարվածություն ու ես վստահ եմ, որ նրանք ամեն բան անելու են` գոտիս ետ վերադարձնելու համար: Ես էլ իմ հերթին կաշխատեմ հաղթանակով հետ վերադառնալ, հաղթահարել նաև այս արգելքը:

Անցնող՝ հաղթանակներով ու հաջողություններով լի տարին…

Ի տարբերություն նախորդ տարիների` այս տարին մի փոքր ավելի թեթև ստացվեց: Դա պայմանավորված էր քիք-բռնցքամարտից բռնցքամարտ անցում կատարելով: Առայժմ կփորձեմ համատեղել այս երկու մարզաձևերը, բայց 2-3 տարի հետո, կարծում եմ, արդեն ամբողջովին կտրվեմ միայն բռնցքամարտին:

Սպասված հանդիպում հայրենիքում…

ԱՄՆ գալուս առաջին տարին ինձ համար շատ դժվար էր: Չէի ցանկանում այստեղ մնալ, ընտանիքս, հարազատներս ու ընկերներս` բոլորը Հայաստանում էին:, Հայաստանը մեր երկիրն է, մեր հողն ու ջուրը: Ոչ մի գիտակից մարդ չի կարող մոռանալ իր հայրենիքն ու տունը, բայց ժամանակի ընթացքում քիչ-քիչ սկսեցի հարմարվել այստեղ: Ու հիմա էլ կյանքի բերումով, կարիերայի համար այստեղ եմ, բայց եթե անկեղծ լինեմ, միշտ էլ կուզեմ վերադառնալ ու Հայաստանում ապրել: Պարզապես այնտեղ առաջընթաց չկա, այնտեղ կարող ես գնալ-ապրել ուղղակի ապրելու համար, բայց ոչ առաջ շարժվելու, կարիերադ ավելիին հասցնելու համար: Որ օրը Հայստանում էլ հնարավորթյուն լինի` առաջ գնալու` ինչպես այստեղ, առանց մի վայրկյան մտածելու ետ կվերադառնամ:


Կամո Ունանյան. «Բոլորին, ովքեր եղել եմ իմ կողքին, աջակցել ու երկրպագել են, խոսք եմ տալիս, որ դեռ առիթ կունենաք ուրախանալու իմ հաղթանակներով»

Կարատեի աշխարհի չեպիոն, «Ելք Չկա» ֆիլմի հեղինակ ու գլխավոր դերակատար Կամո Ունանյանին բազմիցս անդրադարձել ենք: Անդրադարձել ենք ինչպես մարզական հաջողություններին, այնպես էլ կինոարտադրության ոլորտում գրանցած հաջողություններին: Բոլորովին վերջերս, Kami ակումբում «Ելք չկա» ֆիլմի ձայնասկավառակի շնորհանդեսի ժամանակ մեզ հետ զրույցում Կամոն դեռ հստակ ոչինչ չգիտեր իր` ԱՄՆ տեղափոխվելու ու մարզական կարիերան շարունակելու մասին:

Այժմ Կամո Ունանյանը ԱՄՆ ում է, այստեղ է ապրում ու երկար դադարից հետո վերսկսել է մարզումները:

Նախ՝ շնորհակալություն…

Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր ինչպես միշտ` այս տարի էլ իմ կողքին էին, աջակցել են ինձ բոլոր հարցերում, երկրպագել ու ուրախացել իմ բոլոր հաջողություններով: Ուզում եմ իրենց ասել, որ այս տարի ոչ մի մրցաշարի չմասնակցեցի, հիասթափեցրի նրանց միայն այն պատճառով, որ վնասվածքներ ունեի:

1995 թվականից մինչև 2014թ-ը չի եղել այնպես, որ ոչ մի մրցաշարի չմասնակցեմ: Բայց այնպես ստացվեց, որ 2015-ը ինձ համար շատ անհաջող դասավարվեց մարզական տեսանկյունից: Ուզում եմ բոլոր այն մարդկանց դիմել, ովքեր եղել են իմ կողքին, աջակցել ու հետաքրքրվել իմ հաջողություններով. Չնայած երկար ժամանակ դադար եղավ, բայց հիմա սկսել եմ նորից մարզվել ու արդեն պատրաստվում եմ, քանի որ փետրվար-մարտ ամիսներին Եվրոպայում մեծ մրցաշարեր են լինելու: Ուզում եմ բոլորին ասել, որ չհիասթափվեն, ես դեռ առիթ կունենամ ուրախացնելու իրենց:

Հայաստանից դեպի ԱՄՆ…

Ես հիմա ապրում ու մարզվում եմ ԱՄՆ ում, բայց դա ոչինչ չի նշանակում: Շարունակելու եմ առաջ գնալ ու բարձր պահել մեր երկրի պատիվը, բարձրացնել մեր եռագույնն՝ ամեն անգամ պատվո պատվանդանի առաջին հարթակում կանգնելիս: Վնասվածքներից դեռ չեմ ապաքինվել, դրա համար պետք է ամբողջովին թողնեմ սպորտը, բայց ես դեռ ծրագրեր ունեմ այս ասպարեզում…

Ապագան ԱՄՆ ում

Նախորդ տարի ֆիլմի պատճառով 2 անգամ եկա Միացյալ Նահանգներ: Սա առաջին այցս չի: Բայց հիմա ամեն բան այլ է, քանի որ արդեն այստեղ եմ ապրելու ու մարզվելու: Ապագաս ու մնացած ամեն բան այստեղ եմ տեսնում, ինչը չի նշանակում, որ հրաժարվում եմ իմ երկրից, չեմ սիրում ու գնահատում այն: Բայց հիմա եկել է մի պահ, որ ես ուզում եմ զբաղվել ոչ միայն սպորտով, այլ նաև արվեստով, իսկ դրա համար ես պետք է տեղափոխվեի այստեղ:

Ֆիլմերի հետ կապված մեծ ծրագրեր ունեմ, որոնք ցանկանում եմ իրականացնել, ինրւ հնարավորությունը Հայաստանում չեմ տեսնում:

Այսօր բոլորս էլ գիտենք, որ մեր երկրում վիճակը իսկապես շատ վատ է, թե սպորտի բնագավառում, թե արվեստի ու մշակույթի ու առհասարակ՝ ժողովրդի: Իհարկե, բոլորս էլ ուզում ենք ապրել մեր երկրում, այնտեղ աշխատել ու ընտանիք կազմել, ամեն մեկս մի բանով օգտակար լինել, բայց …

Ես, իսկապես, երկար ժամանակ մտորումների մեջ եմ եղել: Բոլոր նրանք, ովքեր ինձ ճանաչում են, լավ գիտեն, որ մի քանի անգամ լավ առաջարկներ են եղել Եվրոպայից, բայց շարունակել եմ մնալ ու աշխատել Հայաստանում: Պարզապես հիմա եկավ մի պահ, որ պետք է ընտրեի` կա՛մ մնում, ապրում եմ Հայաստանում ու ոչ մի առաջընթաց, կա՛մ գնում եմ այլ երկիր ու ձգտում առաջ գնալ: Յուրաքանչյուր գիտակից մարդ ձգտում է կյանքում առաջ գնալ, նոր աշխատանք անել ու ներկայանալ: Դրա համար ես այստեղ եմ, որ ինչպե՛ս մարզական, այնպե՛ս էլ արվեստի ոլորտում ձգտեմ հասնել ավելիին: Ու ինչո՞ւ չէ` նաև աշխատեմ հոլիվուդյան դերասանների հետ, կայանամ որպես լավ դերասան:

Հանդիպում Էդմոնդ Թարվերդյանի հետ

Նախորդ տարի, երբ եկել էի ֆիլմի ցուցադրության համար, ծանոթացա Էդմոնդի հետ: Հոկտեմբերն էր, ու քանի որ նոյեմբերին ես մրցումներ ունեի, մարզվել էր պետք, ընկերներիս հետ եկա այստեղ:

Էդմոնդը նախկինում էլ էր լսել իմ մասին, գիտեր ու շատ ջերմ ընդունեց: Սկսեցի մարզումներս այստեղ շարունակել: Ու առիթից օգտվելով ուզում եմ շնորհակալություն հայտնել` լավ ընդունելու համար: Շատ դեպքերում Էդմոնդը իր գործերը մի կողմ էր թողնում, ինձ օգնում, ինձ մարզում: Հիմա էլ շատ ջերմ ընդունեց ինձ, հրավիրեց իր մարզադահլիճ մարզվելու ու ամեն բան անում է, որ օգտակար լինի ինձ մրցումներից առաջ:


Գոհար Փիլիպոսյան

ԱՄՆ, Գլենդեյլ



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված