F1-ի աշխարհի եռակի չեմպիոնը՝ ՃՏՊ-ի մասնակից
12.11.15 13:29
F1-ի աշխարհի եռակի չեմպիոն Լյուիս Հեմիլթոնը օրերս Մոնակոյում ՃՏՊ-ի մասնակից է դարձել:
Արշավորդը 1 օր ուշացումով է մեկնել Բրազիլիա, որտեղ արդեն վաղը մեկնարկում է մրցաշրջանի մրցարշավային նախավերջին ուիք-էնդը, ու հետաձգել է չորեքշաբթի օրը նախատեսված իր ասուլիսը, ինչը բազմաթիվ ասեկոսեների առիթ է տվել: Արդյունքում Հեմիլթոնը ստիպված է եղել հայտարարություն տարածել, որում նշել է, որ մրսել էր ու հիվանդացել, բացի այդ՝ երկուշաբթի օրը վթարի մասնակից էր դարձել:
«Երկուշաբթի գիշերը ես Մոնակոյում ՃՏՊ-ի մասնակից դարձա: Դա ոչ ոքի չի վերաբերում, բայց կան մարդիկ, ովքեր՝ իմանալով իմ վիճակը, փորձում են օգտագործել այդ իրավիճակն իրենց շահերից ելնելով: Խնդիր չկա:
Կարեւորը՝ ոչ ոք չի տուժել, միայն տեխնիկան է մի քիչ վնասվել. շատ թեթեւ կոնտակտ եղավ կայանված մեքենայի հետ: Ես խոսեցի իմ բժշկի ու թիմի հետ ու մենք որոշեցինք, որ ավելի լավ կլինի, եթե ես տանը հանգստանամ ու 1 օր ուշ մեկնեմ Բրազիլիա: Այժմ ես ինձ ավելի լավ եմ զգում ու մեկնում եմ Բրազիլիա:
Ես ձեզ տեղեկացնում եմ այս ամենի մասին, քանի որ զգում եմ՝ մենք բոլորս պիտի պատասխանատու լինենք մեր գործողությունների համար: Բոլորիս էլ հատուկ է սխալվելը, բայց կարեւոր է դրանց վրա սովորելն ու աճելը»,-գրել է Հեմիլթոնը Instagram-ում:
Նշենք, որ գերմանական Bild-ի տեղեկություններով վթարի պահին Հեմիլթոնը գտնվել է 2մլն եվրո արժողությամբ Pagani Zonda 760 LH մեքենայի ղեկին:
