Անդիևի մրցաշարի 2-րդ օրը հայ ըմբիշներին մեդալներ չբերեցԱնդիևի մրցաշարի 2-րդ օրը հայ ըմբիշներին մեդալներ չբերեց

Անդիևի մրցաշարի 2-րդ օրը հայ ըմբիշներին մեդալներ չբերեց

08.11.15 14:44
Անդիևի մրցաշարի 2-րդ օրը հայ ըմբիշներին մեդալներ չբերեց

Հյուսիսային Օսիայի մայրաքաղաք Վլադիկովկասում նախօրեին ավարտվեց Սոսլան Անդիևի մրցանակների 37-րդ մրցաշարը, որին մասնակցում են 300-ից ավելի ազատոճային ըմբիշներ Ռուսաստանից, Ուկրաինայից, Տաջիկստանից ու Հայաստանից:

Մրցումային 2-րդ օրը մրցագորգ դուրս եկան 74, 86, 97 ու 125կգ քաշային ըմբիշները: Նշենք, որ մեր հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանի որոշմամբ այս քաշային կարգերում ներկայացված էին 74 կգ քաշայիններ Գրիգոր Գրիգորյանը և Վարուժան Կաջոյանը, 86 կգ քաշային Շամիր Աթյանը և 97 կգ քաշայիններ Անդրանիկ Գալստյանը և Էդգար Ենոքյանը:

74կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը իր մրցելույթները սկսեց 1/8 եզրափակիչ փուլից ու 10:0 հաշվով հաղթանակ տոնեց ալան Արսեն Ցխովրեբովի նկատմամբ, սակայն արդեն հաջորդ փուլում ուղին զիջեց Կաբարդինո-Բալկարիայի ներկայացուցիչ Ամին Տեկուշևին, ով վերջնարդյունքում դարձավ մրցաշարի փոխչեմպիոն, իսկ նրա՝ եզրափակիչ անցնելն էլ Գրիգորին մեդալի համար պայքարելու նոր հնարավորություն տվեց: Գրիգորյանը սփոփիչ գոտեմարտում հաղթեց ալան Էրիկ Դարչիևին, սակայն բրոնզի համար պայքարում պարտվեց չեչեն Զելիմխան Տազբաևին:

Նույն քաշային կարգում կրկին բրոնզի համար պայքարում ալան Երմակ Կարդանովից պարտություն կրեց մեր մյուս ըմբիշը՝ Վարուժան Կաջոյանը, ով մինչ այդ ակավորման փուլում հաղթել էր Ասլանբեկ Բրիտաևին Ալանիայից, ապա՝ վերջինիս համերկրացիներ Իգոր Բորանովին ու Իբրահիմ Սակիևին, և պարտվել էր կիսաեզրափակչում մրցաշարի ապագա չեմպիոն Խուսեյն Սույունչևին Կարաչաևո-Չերկեսիայից:

86կգ քաշային Շամիր Աթյանը միայն 2 գոտեմարտ անցկացրեց՝ բաց թողնելով որակավորման փուլը: 1/16 եզրափակչում Աթյանը հաղթեց Ռամազան Ցորիևին Ալանիայից, իսկ 1/8 եզրափակչում պարտվեց զախ Կանատ Բերդիևին, ով արդեն կիսաեզրափակչում պարտություն կրեց՝ դրանով իսկ զրկելով Աթյանին մեդալի համար պայքարելու բոլոր շանսերից:

Հաջողություններ գրանցել չկարողացան նաև 97կգ քաշային մեր ըմբիշները:

Անդրանիկ Գալստյանը արդեն որակավորման փուլում տուշեով պարտվեց Գեորգի Ձուկաևին Ալանիայից, իսկ Էդգար Ենոքյանը հասավ բրոնզի համար գոտեմարտին՝ 1/8 եզրափակչի արգելքը հաղթահարելով մրցակցի չներկայանալու պատճառով, 1/4 եզրափակչում հաղթելով չեչեն ԱՆվար Բիսաևին ու կիսաեզրափակչում տուշեով պարտվելով Ռենատ Կաչմազովին Ալանիայից: Սակայն վճռորոշ գոտեմարտում Ենոքյանն էլ Գրիգորյանի ու Կաջոյանի պես պարտություն կրեց: Նրա մրցակիցը Սոսլան Ցալլագովն էր Ալանիայից:

Նշենք, որ Սոսլան Անդիևի մրցանակների 37-րդ մրցաշարում մեր ազատոճայինները միայն 2 մեդալ են նվաճել: Մրցումների մեկնարկային օրը 57կգ քաշային Գարիկ Բարսեղյանը նվաճել է չեմպիոնի կոչումը, իսկ Գառնիկ Մնացականյանը դարձել է բրոնզե մեդալակիր:




sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված