Երիտասարդ ըմբիշները կմեկնեն ՍտամբուլԵրիտասարդ ըմբիշները կմեկնեն Ստամբուլ

Երիտասարդ ըմբիշները կմեկնեն Ստամբուլ

22.06.15 11:31
Երիտասարդ ըմբիշները կմեկնեն Ստամբուլ

Հունիսի 23-28-ը Ստամբուլում կայանալու է ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնութունը:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանի գլխավորությամբ մեր ընտրանին այդ պատասխանատու ստուգատեսում ելույթ է ունենալու ամբողջական կազմով՝ 8 ըմբիշով:

Թուրքիայում Հայաստանի մարզական պատիվը պաշտպանելու են Նորայր Հախոյանը (50 կգ), Սլավիկ Գալստյանը (55 կգ), Տարոն Դումոյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (66 կգ), Արմեն Հակոբյանը (74 կգ), Վարուժան Գրիգորյանը (84 կգ), Հարություն Միքայելյանն (96 կգ) ու Էդգար Խաչատրյանը (120 կգ):

Այժմ հավաքականը Եվրոպայի առաջնության մեկնարկից առաջ ուսումնամարզական վերջին հավաքն է անցկացնում Երևանում գտնվող Հայաստանի հավաքական թիմերի մարզական կենտրոնում:

Հունահռոմեական ոճի մեր երիտասարդ ըմբիշները մրցավայր են մեկնելու հունիսի 24-ին:

Ըստ մրցաշարի ժամանակացույցի՝ հունիսի 26-ին Թուրքիայի ժամանակով ժամը 16-17-ը կկայանա հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարի 50, 60, 74 և 96 կգ քաշային կարգերի ըմբիշների կշռման արարողությունն ու վիճակահանությունը:

Հունիսի 27-ին ժամը 10-14-ը տեղի կունենան այս քաշային կարգերի նախնական և սփոփիչ փուլերի գոտեմարտերը, իսկ ժամը 18-20-ն էլ եզրափակիչներն ու պարգևատրման արարողությունը:

Մինչ այդ ժամը 16-17-ը կկայանա 55, 66, 84 և 120 կգ քաշային կարգերի ըմբիշների կշռման արարողությունն ու վիճակահանությունը: Հունիսի 28-ին առաջնության վերջին օրը ժամը 10-14-ը տեղի կունենան այս քաշային կարգերի նախնական և սփոփիչ փուլերի հանդիպումները, իսկ ժամը 18-20-ն էլ եզրափակիչ փուլի գոտեմարտերն ու պարգևատրման արարողությունը:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված