Թբիլիսի կմեկնի 3 ծանրորդուհիԹբիլիսի կմեկնի 3 ծանրորդուհի

Թբիլիսի կմեկնի 3 ծանրորդուհի

19.03.15 12:01
Թբիլիսի կմեկնի 3 ծանրորդուհի


Ծանրամարտի կանանց Հայաստանի հավաքականն այս օրերին Ծաղկաձորի օլիմպիական մարզահամալիրում շարունակում է ուսումնամարզական հավաքն ու նախապատրաստվում ապրիլի 9-18-ը Թբիլիսիում կայանալիք կանանց ծանրամարտի Եվրոպայի 28-րդ առաջնությանը:

Այդ ստուգատեսին մասնակցելու էին հայտավորվել Հայաստանի 4 ծանրորդուհի: Սակայն մարզումների ընթացքում մարզչական անձնակազմը որոշեց, որ Վրաստանում մրցահարթակ կելնեն մեր մարզուհիներից միայն 3-ը՝ Աննա Գովելյանը (53 կգ), Իզաբելլա Յայլյանը (58 կգ) և գերծանր քաշային Հռիփսիմե Խուրշուդյանը (+75 կգ):

Կանանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը հայտնեց, որ նախնական հայտացուցակում կար նաև 63 կգ քաշային, 23-ամյա Քրիստինե Պետրոսյանի անունը, սակայն ուսումնամարզական հավաքի ընթացքը վկայեց, որ նա դեռևս չի հասել իր լավագույն մարզավիճակին և իր ներկայիս պատրաստվածության աստիճանով դժվար թե կարողանա պայքարել մեդալների համար:

Այդ իսկ պատճառով նպատակահարմար է գտնվել, որ մարզուհին բաց թողնի Եվրոպայի առաջնությունը, շարունակի մարզումները և ամենայն լրջությամբ նախապատրաստվի տարվա գլխավոր մեկնարկին՝ աշխարհի առաջնությանը, որտեղ յուրաքանչյուր մարզուհու ցոււյց տված արդյունքը չափազանց կարևոր է օլիմպիական վարկանիշ ձեռք բերելու համար:

Կանանց ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը հայտնում է նաև, որ մարտի 27-ին Հայաստանի պատվիրակությունը մեկնելու է Թբիլիսի, որտեղ էլ անցկացնելու է վերջին մարզումները: Ի դեպ, տևական ընդմիջումից հետո մարզումներն է վերսկսել նաև 2009 թ. աշխարհի չեմպիոնուհի, 28-ամյա Նազիկ Ավդալյանն, ով 2011 թ. ավտովթարի էր ենթարկվել և վնասել ողնաշարը:

Եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, ապա չի բացառվում, որ Ավդալյանը նոյեմբերի 20-29-ը Հյուսթոնում (ԱՄՆ) կայանալիք աշխարհի առաջնությունում կրկին մրցահարթակ վերադառնա, հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված