Արսեն Ջուլֆալակյանն այցելեց Չարենցի անվան դպրոց (լուսանկարներ)Արսեն Ջուլֆալակյանն այցելեց Չարենցի անվան դպրոց (լուսանկարներ)

Արսեն Ջուլֆալակյանն այցելեց Չարենցի անվան դպրոց (լուսանկարներ)

11.03.15 20:45
Արսեն Ջուլֆալակյանն այցելեց Չարենցի անվան դպրոց (լուսանկարներ)

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ու Երևանի քաղաքապետարանի համատեղ նախաձեռնությամբ հունահռոմեական ոճի ըմբիշ, 2014 թ. աշխարհի չեմպիոն, 2012 թ. Օլիմպիադայի արծաթե մեդալակիր, 2009 թ. Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանն այցելեց Երևանի Եղիշե Չարենցի անվան թիվ 67 հիմնական դպրոց:

Ե. Չարենցի անվան դպրոցի աշակերտները նախ գեղեցիկ տեսանյութի միջոցով ծանոթացան Արսեն Ջուլֆալակյանի մարզական հարուստ կենսագրությանը, ապա իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին աշխարհի չեմպիոնին և ստացան բովանդակալից պատասխաններ:

Մինչ հարց ու պատասխանին անցնելը՝ Արսեն Ջուլֆալակյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար:

«Շատ շնորհակալություն: Իսկապես աննկարագրելի ջերմ էմոցիաներ, տպավորություններ ստացա: Շատ զգացված եմ: Ի դեպ ասեմ հավաքներից եմ գալիս, երբ իմացա այս նախաձեռնության մասին, մտածեցի միգուցե կխանգարի մարզումներին, բայց վստահեցնում եմ միայն կնպաստի, որովհետև այնքան դրական էմոցիաներ ստացա այս հաճելի, ուրախ ընդունելությունից, որ ոչ մի մարզում չի կարող փոխարինել դա:

Շատ ուրախ եմ, որ դպրոցում սպորտով զբաղվող այսքան երեխաներ կան, և հավաստիացնում եմ, որ միայն սպորտով զբաղվելով եթե նույնիսկ չեմպիոն չդառնաք, ապա՝ առողջ կլինեք և այնքան լավ մարդկային հատկանիշներ ձեռք կբերեք, կոչ եմ անում և՛ աղջիկներին, և՛ տղաներին զբաղվել զուտ առողջական սպորտով, իսկ պրոֆեսիոնալ մակարդակով հետագայում ինքներդ կորոշեք, և ուսմանն էլ երբեք մատների արանքով չնայեք:

Սեփական օրինակով կարող եմ ասել, որ ոչ մի անգամ ինձ մոտ ուսումը 2-րդ տեղում չի եղել. միշտ հավասար սպորտի հետ: 2 բնագավառներում էլ շատ հաջողություններ եմ ցանկանում ձեզ»:

Պատասխանելով աշակերտների հարցերին՝ Արսենն ասաց, որ շատ հաճելի և յուրահատուկ զգացողություն է կանգնել պատվո պատվանդանին Հայաստանի օրհներգի ներքո և հայոց եռագույնը վեր բարձրանալիս:

«Կան բազմաթիվ զգացողություններ, սա դրանց բոլորի խառնուրդն է, զգում ես և՛ պարծանք, և՛ հպարտություն, և՛ բավարարվածութուն, և՛ քո աշխատանքի գնահատականը, չէ՞ որ այդքան տարի մարզվում ես այդ հաղթանակին հասնելու համար, գիտես, որ 10 մլն մարդ այդ պահին քո հաղթանակով ուրախանում է և այդ ամենի արտահայտությունը դու ես՝ կանգնած այդ պատվանդանին: Ցանկանում եմ բոլորդ կյանքում 1 անգամ այդ բերկրանքը զգաք: Շատ հաճելի զգացողություն է:

Արսենը նշեց, որ երբեմն ստիպված է եղել իր ուժը կիրառել գորգից դուրս, որոնք ունեցել են և՛ ուրախալի, և՛ ցավոտ ավարտներ:

Նա աշակերտներին կոչ արեց մոռանալ վեճերն ուժով լուծելու տարբերակը:

«Արդեն խոսելու, հասկանալու, երկխոսության միջոցով հարցը լուծելու ժամանակն է: Ուժային ոչ մի ձև խնդրի լուծում չէ, որովհետև հիշե՛ք եթե դուք ուժով լուծեք, վաղն էլ կգան ձեզ հետ նման կերպ կվարվեն: Փորձե՛ք հիմնականում երկխոսությամբ հարցերին լուծում տալ:

Խոսելով սպորտը կրթության հետ համատեղելու մասին, նա ասաց, որ ոչ միայն այդ 2-ը, այլև՝ ցանկացած 2-3 մասնագիտություն համատեղելը շատ բարդ է:

«Սպորտը և կրթությունը տարբեր են, շատ քիչ բաներ են դրանց միավորում: Ես հիմա էլ շարունակում եմ ուսումս. սովորում եմ միջազգաին հարաբերությունների ասպիրանտուրայում, շատ բարդ է, բայց եթե կա նպատակ, ցանկություն, ապա՝ քեզ մի քիչ զրկում ես առօրյա հաճույքներից, չես հաճախում տարբեր խնջույքների, բայց հետո ամբողջ կյանքդ վայելում ես և հպարտությամբ ապրում:

Պատասխանելով այն հարցին, թե որ հեղինակների գործերն է սիրում, Արսենը բնականաբար նշեց Եղիշե Չարենցին, Պարույր Սևակին, միջազգային գրողներից Էրիխ Մարիա Ռեմարկին, դասականներից գրեթե բոլորի գործերն ուսումնասիրում է, ժամանակակիցը՝ մասնագիտական գրականության պատճառով չի հասցնում ընթերցել:

Պրոֆեսիոնալ սպորտը թողնելուց հետո Արսենը ցանկանում է կիթառ նվագել և իսպաներեն սովորել:

«Ուզում եմ իսպաներենով երգել և կիթառ նվագել: Ցանկանում եմ նաև բաչատա պարել սովորել:

Խոսելով դպրոցում իր առաջադիմությունից՝ Արսենն ասաց, որ մինչև 8-րդ դասարան ընդամենը 1 կամ 2 օր է բացակայել դասերից:

«Չեմ չափազանցնի մինչև 8-րդ դասարան 1 կամ 2 օր եմ բացակայել դասերից, 5 բալանոց համակարգով 1 անգամ եմ 3 ստացել, այն էլ մոռացել էի սովորել անգիրը և դասի ժամանակ կարողացա այնքանով սովորել, որ գոնե 2 չստանամ:

Մինչև 8-րդ դասարան գերազանցիկ եմ եղել, 8-10-րդ դասարաններում բացակայություններս շատացան, որովհետև համալսարան ընդունվելու համար 3 առարկա էի պարապում:

Վերջում դպրոցի աշակերտները ցուցադրական ելույթներ կատարեցին և լուսանկարվեցի աշխարհի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանի հետ:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված