Սիմոն Մարտիրոսյանը` Հայաստանի չեմպիոն
15.02.15 12:05
Երևանի օլիմպիական հերթափոխի հանրապետական քոլեջում ավարտվեց ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի առաջնությունը:
Մրցումային վերջին օրը մրցահարթակ ելան 105 և + 105 կգ քաշային կարգի ծանրորդները:
105 կգ քաշային կարգի 5 մարզիկների մեջ լավագույն արդյունքն արձանագրեց գյումրեցի Արտյոմ Պետրոսյանը՝ 321 կգ դառնալով Հայաստանի չեմպիոն: Նրանից 1 կգ հետ մնաց նրա համաքաղաքացի Միքայել Միքայելյանը: Բրոնզե մեդալը երկամարտի 298 կգ-ով նվաճեց օլիմպիական հերթափոխի քոլեջի սան Սարգիս Կիրակոսյանը:
+ 105 կգ քաշայինների պայքարում անվիճելի էր պատանեկան օլիմպիական խաղերի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանի առավելությունը: Նա պոկեց 180 և հրեց 210 կգ: Հայաստանի նորընծա չեմպիոնին 15 կգ զիջեց էջմիածինցի Կարապետ Բարսեղյանը:
Իսկ մրցանակային եռյակը երկամարտի 312 կգ եզրափակեց օլիմպիական հերթափոխի քոլեջի սան Անդրանիկ Հովհաննիսյանը, հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

