Հայազգի ծանրորդը երազում է մասնակցել Բրազիլիայի օլիմպիական խաղերինՀայազգի ծանրորդը երազում է մասնակցել Բրազիլիայի օլիմպիական խաղերին

Հայազգի ծանրորդը երազում է մասնակցել Բրազիլիայի օլիմպիական խաղերին

28.01.15 17:20
Հայազգի ծանրորդը երազում է մասնակցել Բրազիլիայի օլիմպիական խաղերին


1990 թ. օգոստոսի 5-ին Երևանում ծնված Կարեն Թովմասյանն իրավամբ այսօր Հոլանդիայի ծանրամարտի պարծանքն է համարվում, ու երազում է 2016 թ. Բրազիլիայում կայանալիք ամառային օլիմպիական խաղերում վերջին 50 տարվա մեջ Հոլանդիան ներկայացնող առաջին ծանրորդը լինել:

24 տարեկան հասակում նա արդեն արհեստավարժ ծանրորդ ու մարզիչ է: Կարենը 1999 թ. ընտանիքի հետ Հայաստանից տեղափոխվել է Հոլանդիա, իսկ 14 տարեկանից Աշոտ Ղազարյանի ղեկավարությամբ Ամստերդամի Sportquest ակումբում սկսել է զբաղվել ծանրամարտով: Նա 11 տարիների ընթացքում Հոլանդիայի մասշտաբով նշանակալի հաջողությունների է հասել: Ի դեպ, Ղազարյանը նորանկախ Հայաստանի պատմության մեջ միջազգային ասպարեզում հաջողություն արձանագրած առաջին ծանրորդներից մեկն է:

Նա 1993 թ. Չեբում (Չեխիա) ընթացած աշխարհի երիտասադական առաջնությունում հանդես գալով Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում՝ բրոնզե մեդալ է նվաճել 64 կգ քաշային կարգում՝ երկամարտի 285 կգ (125+160) արդյունքով:

Կարենը 2004 թ. մարզվել է Ամստերդամի Sportquest ակումբում, ապա նաև Դեվենտերում, իսկ 2011 թ. հիմնել է ծանրամարտի սեփական ակումբը՝ Gewichthefclub Վիյհեում, որը մինչ օրս ներկայացնում է թե՛ Հոլանդիայում, և թե՛ միջազգային ասպարեզում:
Թովմասյանը Հոլանդիայի պատանեկան, երիտասարդական ու մեծահասակների առաջնությունների 7-ակի չեմպիոն է, 5 անգամ ճանաչվել է Հոլանդիայի լավագույն ծանրորդ, ինչպես նաև 2 անգամ դարձել է BeNeLuxi միության (այն ներառում է եվրոպական հարևան 3 երկրներ՝ Բելգիան, Հոլանդիան ու Լյուքսենբուրգը) չեմպիոն: Այժմ նրան են պատկանում 85 կգ քաշային կարգի Հոլադիայի թե՛ պոկում, և թե ՛ հրում վարժությունների ռեկորդները:

Միայն անցած մրցաշրջանում նա 5 անգամ թարմացրել է Հոլանդիայի ռեկորդների ցուցակը: Ուշագրավը թերևս այն է, որ Կարենը գահընկեց է արել մինչ այդ այս քաշային կարգում թուրք ծանրորդ Ադամ Կալային պատկանող Հոլանդիայի ռեկորդները: Այժմ Թովմասյանի պոկում վարժության ռեկորդը հավասար է 163 կգ-ի ,իսկ հրումինն էլ ՝ 198 կգ-ի, որոնք նա սահմանել է համապատասխանաբար Ֆրանսիայում՝ այդ երկրի ակումբային թիմերի առաջնությունում և Հոլանդիայի առաջնությունում:

Նշենք, որ Ֆրանսիայում մասնակցելով ակումբային թիմերի առաջնությանը՝ Կարեն Թովմասյանը Reimis ակումբի կազմում դարձել է այդ երկրի չեմպիոն:
Միջազգային ասպարեզում նրա հասած հաջողություններից է 2013 թ. Դոհայում (Քաթար) ասիա-արաբական երկրների ծանրամարտի առաջնությունում գրաված 3-րդ տեղը: Այստեղ նա արժանացել է նաև միջազգային ֆեդերացիայի գործկոմի անդամ Մուհամեդ Յալուդի, ով նաև IWF գլխավոր քարտուղարի՝ Վենգուան Մայի խորհրդականն է, դրվատանքին:

Նույն տարում Տալլինում մինչև 23 տարկանների Եվրոպայի առաջնությունում 13 մասնակիցների մեջ Կարենը գրավել է 7-րդ տեղը՝ երկամարտի 327 (149 + 178) արդյունքով, իսկ Վրոցլավում մեծահասակների աշխարհի առաջնությունում էլ զբաղեցրել է 19-րդ հորիզոնականը:

Անցյալ տարի Թել Ավիվում (Իսրայելում) մեծահասակների Եվրոպայի առաջնությունում 85 կգ քաշային կարգում 16 մասնակիցների մեջ գրավել է 6-րդ տեղը՝ երկամարտի 342 կգ (156+ 186) արդյունքով:

Այսօր Կարենն, ով ծանրամարտի իր սեփական ակումբում նաև պատանի ծանրորդների՝ Հոլանդիայի ապագա չեմպիոնների է մարզում, ջանադրաբար պատրաստվում է ապրիլի 10-18-ը Թբիլիսում տեղի ունենալիք մեծահասակների ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը, որտեղ փորձելու է բարելավել Հոլանդիայի ռեկորդներն ու պայքարել մրցանակային տեղերի համար, հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված