Հայ ծանրորդները` մեդալակիրներՀայ ծանրորդները` մեդալակիրներ

Հայ ծանրորդները` մեդալակիրներ

25.01.15 14:45
Հայ ծանրորդները` մեդալակիրներ


Երկաթախաղի Ռուսաստանի ուժեղագույն վարպետների նախաօլիմպիական մրցաշրջանի անդրանիկ մեկնարկը՝ կանանց և տղամարդկանց ծանրամարտի Ռուսաստանի գավաթի խաղարկությունը ընթանում է Բելգորոդի մարզի Ստարի Օսկոլ քաղաքի «Արկադա» մարզապալատում: Այն մեր ուշադրության կենտրոնում է հայտնվել ոչ միայն այն պատճառով, որ Ռուսաստանի դյուցազունները միջազգային ասպարեզում մշտապես եղանակ ստեղծողներից են, այլև այն պատճառով, որ նման ստուգատեսերը մշտապես առանձնանում են հայազգի ծանրորդների հաջողված ելույթներով:

Գավաթային մրցմանը մասնակցում է 130 մարզիկ (87 ծանրորդ, 43 ծանրորդուհի), որից 6-ը հայազգի ծանրորդներ են: Նշենք, որ այս ստուգատեսի արդյունքներով կազմավորվելու են կանանց և տղամարդկանց Ռուսաստանի ընտրանիները, որոնք կսկսեն պատրաստվել ապրիլի 10-18-ը Թբիլիսիում ընթանալիք մեծահասակների Եվրոպայի առաջնությանը: Հավաքականում տեղ են գտնելու հիմնականում այս մրցաշարի մրցանակակիրները:

Մրցումների 2-րդ օրը ևս հայ ծանրորդները ուրախացրեցին իրենց երկրպագուներին նվաճած պարգևներով: 25-ամյա կրասնոդարցի, միջազգային կարգի սպորտի վարպետ Արմեն Ալեքյանը 69 կգ քաշային կարգի ծանրորդների մրցապայքարում երկամարտի 288 կգ (130 +158) արդյունքով դարձավ բրոնզե մեդալակիր: Ռուսաստանի գավաթակրի կոչումը նվաճեց 313 կգ (143+ 170) ցուցանիշ արձանագրած նովոկուզնեցկցի Սերգեյ Պետրովը:

Բավական հետաքիրքիր, գրավիչ ու լարված պայքար ծավալվեց 77 կգ քաշային կարգի ծանրորդների մրցավեճում: Պոկում վարժության փոքր ոսկե մեդալին 159 կգ արդյունքով արժանացավ 2013 թ. երիտասարդների աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, արմավիրցի 20-ամյա միջազգային կարգի սպորտի վարպետ Ռազմիկ Հունանյանը: Սակայն հրում վարժությունում նրան գերազանցեց հասակակից Վիկտոր Գետցն, ով երկամարտի 355 կգ (158+ 197) ցուցանիշով դարձավ Ռուսաստանի գավաթակիր: Վիկտորը 2011 թ. պատանիների աշխարհի չեմպիոնն է, իսկ անցյալ տարի էլ 77 կգ քաշային կարգում նույն 355 (160+195) արդյունքով դարձել էր նաև մինչ 20 տարեկանների Եվրոպայի չեմպիոն՝ առաջ անցնելով արծաթե և բրոնզե մեդալների արժանացած մեր հանրապետության պատվիրակներ՝ 18-ամյա Նորայր Ավետիսյանից ու 17-ամյա Հակոբ Մկրտչյանից, ովքեր գրանցել էին համապատասխանաբար 318 կգ (138 +180) և 313 կգ (137+ 176) արդյունքներ:

Ռազմիկ Հունանյանն այս անգամ երկամարտի 351 կգ (159+192) բավարարվեց արծաթե մեդալով: Նշենք, որ նա երկամարտում 20 կգ-ով գերազանցեց բրոնզե մեդալակիր դարձած տղամարդկանց 2013 թ. Եվրոպայի չեմպիոն, 22-ամյա Դմիտրի Խամյակովին՝ 331 կգ (150+ 181):

Այնպես որ մրցաշարի առաջին 2 օրերին մրցահարթակ ելած հայազգի 4 ծանորորդները նվաճել են 2-ական արծաթե և բրոնզե պարգևներ:

Հիշեցնենք, որ նախօրեին 62 կգ քաշային կարգում արծաթե մեդալ էր նվաճել նաև Ռազմիկի կրտսեր եղբայրը՝ 19-ամյա Գոռ Հունանյանը, իսկ 56 կգ քաշային կարգում էլ բրոնզե մեդալի էր արժանացել փորձառու ծանրորդ, 31-ամյա նովոսիբիրսկցի Արսեն Թամրազյանը, հայտնում է ծանրամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված