Ծանրամարտի կարևորագույն մրցաշարերի ժամանակացույցը
05.01.15 14:40
Նախաօլիմպիական մրցաշրջանը՝ 2015 թ, հարուստ ու լեցուն է ծանրամարտի կարևորագույն մրցաշարերով, որոնց մասնակցելու են երկաթախաղի Հայաստանի առաջատար վարպետները:
Ուժեղագույն ծանրորդների համար մրցաշրջանի միջազգային կարևոր մեկնարկը կլինի ապրիլի 9-18-ը Թբիլիսիում անցկացվելիք մեծահասակների Եվրոպայի առաջնությունում:
Նույն ամսվա մեջ՝ ապրիլի 18-26-ը Պերուի մայրաքաղաք Լիմայում կընթանա աշխարհի պատանեկան (մինչև 17 տարեկանների) առաջնությունը:
Ծանրորդներին հաջորդ լուրջ փորձությունը սպասվում է լեհական Վրոցավ քաղաքում, որտեղ հունիսի 6-14 ընթանալու է աշխարհի երիտասարդական (մինչև 20 տարեկանների) առաջնությունը:
Օգոստոսի 3-10-ը շվեդական Լանդսկրոնա քաղաքում կանցկացվի Եվրոպայի պատանեկան (մինչև 17 տարեկանների) առաջնությունը:
Սեպտեմբերի 5-11-ը Սամոայի մայրաքաղաք Ապիայում կկայանա ուսանողների ծանրամարտի աշխարհի առաջնությունը:
Հոկտեմբերի 2-11-ը Լիտվայի Կլապեդա քաղաքում զուգահեռաբար տեղի կունենան մինչև 20 և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունները:
Ծանրամարտի համար տարվա գլխավոր իրադարձությունը նոյեմբերի 20-29-ը ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքում կայանալիք մեծահասակների աշխահի առաջնությունն է, որը նաև օլիմպիական վարկանշային մրցաշարի կարգավիճակ ունի: Առաջնության պարգևներից բացի կխաղարկվեն նաև 2016 թ. Ռիո դե Ժանեյրոյի ամառային օլիմպիական խաղերին մասնակցելու ուղեգրերի մեծ մասը:
Մրցաշրջանի եզրափակիչ ակորդը կլինի դեկտեմբերի 11-14-ը Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիում տեղի ունենալիք արդեն ավանդական դարձած Ռուսաստանի նախագահի ծանրամարտի գավաթի 5-րդ խաղարկությունը: Այս հեղինակավոր մրցաշարը վաղուց տեղ է գտել մարզաձևի միջազգային ֆեդերացիայի օրացույցում և դասվում է ծանրամարտի «Գրան Պրի» մրցաշարերի շարքին: Տղամարդկանց 94 կգ, 105 կգ և +105 կգ և կանանց 75 կգ և +75 կգ քաշային կարգերում խաղարկվող մրցանակներից ու դրամական խոշոր պարգևներից բացի այս ստուգատեսը նաև 2016 թ. Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիադայի համար վարկանշային է, հայտնում է ծանրամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

