Սիմոն Մարտիրոսյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոնՍիմոն Մարտիրոսյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն

Սիմոն Մարտիրոսյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն

29.11.14 10:25
Սիմոն Մարտիրոսյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն


Լիմասոլում մրցապայքարն ավարտեցին մինչև 20 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնության 105 կգ քաշային կարգի ուժեղագույնների՝ Ա խմբի 10 մասնակիցները: Նրանց թվում էր նաև այս ստուգատեսում Հայաստանի վերջին պատվիրակ Նանցզինի պատանեկան ամառային օլիմպիական 2-րդ խաղերի չեմպիոն, պատանիների Եվրոպայի չեմպիոն 17-ամյա Սիմոն Մարտիրոսյանը (անձնական մարզիչ՝ Աշոտ Փիլոսյան), ով այս քաշային կարգի ֆավորիտներից մեկն էր համարվում: Եվ իրոք, մեդալների համար հիմնական պայքարը ծավալվեց հենց Մարտիրոսյանի, Լեհաստանը ներկայացնող 20-ամյա Յարոսլավ Սամորայի ու Ռուսաստանի պատվիրակ 19-ամյա Մարչել Գուիդյայաի միջև:


Սիմոնը պոկում վարժության բոլոր 3 մոտեցումները փայլուն կատարեց ու վստահորեն նվաճեց փոքր ոսկե մեդալ: Նա ոչ միայն 2-րդ տեղը գրաված Ռուսաստանի ներկայացուցչից 9 կգ-ով առաջ անցավ, այլ նաև արձանագրած 184 կգ արդյունքով աշխարհի պատանեկան նոր ռեկորդ սահմանեց, իրեն իսկ պատկանող ռեկորդային ցուցանիշը թարմացնելով 1 կգ-ով:
Սակայն անգամ նման հրաշալի ցուցանիշը բավարար չեղավ, որ Մարտիրոսյանը ընթացիկ մրցաշրջանում իր 3-րդ ոսկե մեդալը նվաճի:


Հրում վարժության 1-ին մոտեցումը հստակ ու անթերի կատարելով Սիմոնը 210 կգ ծանրաձողը գլխավերևում պահեց, սակայն, ցավոք հաջորդ 2 մոտեցումների ժամանակ նրան չհաջողվեց բարձրացնել 217 կգ ծանրաձողն ու այս վարժությունում և ինչպես հետո պարզվեց նաև երկամարտում ոսկե մեդալը զիջեց ռուսաստանցի Մարչել Գուիդյային: Հրում վարժությունում վերջինս արձանագրեց 219 կգ արդյունք ու ոսկե մեդալի արժանացավ: Սիմոնը ստիպված էր բավարարվել փոքր արծաթե մեդալով: Երկամարտում, ի վերջո, թե՛ Մարտիրոսյանը, և թե՛ Գուիդյան մրցելույթը ավարտեցին միևնույն ՝ 394 կգ արդյունքով: Սակայն, քանի որ ռուսաստանցին անձնական քաշով 4,75 կգ ավելի թեթև էր Սիմոնից, նա էլ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: Իսկ պատանի հայ ծանրորդն այս անգամ բավարարվեց երիտասարդների Եվրոպայի փոխչեմպիոնի տիտողոսով, հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:


Հիշեցնենք, որ մեդալներ են նվաճել Իզաբելա Յայլյանը (58 կգ), Սմբատ Մարգարյանը (56 կգ), Նորայր Ավետիսյանը (77 կգ), Հակոբ Մկրտչյանը (77 կգ):



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված