Կարլսեն. «Շախմատը «մահացող» խաղ չէ» (լուսանկարներ)Կարլսեն. «Շախմատը «մահացող» խաղ չէ» (լուսանկարներ)

Կարլսեն. «Շախմատը «մահացող» խաղ չէ» (լուսանկարներ)

23.06.14 23:09
Կարլսեն. «Շախմատը «մահացող» խաղ չէ» (լուսանկարներ)

Ինչպես արդեն տեղեկացրել էինք` «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի և Acronis (համաշխարհային պահուստային տվյալների պատճենման, համակարգերի վթարային վերականգնման և դեպի տվյալներն անվտանգ մուտքի ապահովման լուծումներ առաջատար ընկերություն) հրավերով Հայաստանում է գտնվում շախմատի աշխարհի գործող չեմպիոն, բացարձակ չեմպիոն Մագնուս Կարլսենը:

Հունիսի 22-ին նորվեգացի շախմատիստը այցելել էր Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն, ծաղիկներ դրել շախմատի աշխարհի և օլիմպիական բազմակի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հուշարձանին: Այնուհետև Կարլսենը կայծակնային շախմատի միաժամանակյա սեանս էր անցկացրել փոքրիկ շախմատիստների հետ:

Իսկ արդեն այսօր FIDE-ի վարկանշային աղյուսակի թիվ 1 շախմատիստը և շախմատի աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանը այցելել են Տաթևի վանք, որտեղ էլ մեր նորվեգացի աշխարհահռչակ հյուրը ծանոթացել է միջնադարյան վանական համալիրի պատմությանն ու ճարտարապետությանը, ինչպես նաև՝ այն ծրագրերին, որոնք IDeA հիմնադրամն իրականացնում է Տաթևում:

Արդեն երեկոյան շախմատիստները Գաֆէսճյան հիմնադրամի Խանջյան սրահում հանդիպեցին ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ և կիսվեցին իրենց տպավորություններով:

Կարլսենն ասուլիսի ընթացքում խոսեց շախմատային կյանք մուտք գործելու, Շախմատի օլիմպիադայի, ֆուտբոլի աշխարհի առաջնությունում իր երկրպագած թիմի ու շատ այլ թեմաների մասին:

«Զարմացած եմ Հայաստանի` շախմատի հանդեպ ունեցած այսքան մեծ խանդավառությունից ու սիրուց: Մնացած երկրները պետք է օրինակ վերցնեն Հայաստանից:

Շախմատ սկսել եմ խաղալ 8 տարեկանից, շախմատային աշխարհին ծանոթացրել է հայրս: Ինձ նոր դարաշրջանի սերնդից չեմ համարում, որում շախմատ խաղում են միայն համակարգչով: Ճիշտ է՝ ինքս էլ ինտերնետում արագ շախմատ խաղում եմ… Համաձայն չեմ այն մտքի հետ, թե շախմատը «մահացող» խաղ է:

Օլիմպիադայում, հույս ունեմ, այս անգամ մեր հավաքականը Հայաստանի ընտրանուց շատ ետ չի մնա»:

Կարլսենը խոսեց այօրվա՝ Տաթև շրջագայության մասին` նշելով, որ իրեն ինչ-որ չափով իր հայրենիքը հիշեցրեց:

«Տաթևը շատ գեղեցիկ վայր էր՝ տեսարժան վայրերով: Այնտեղ լինելու հետևանքն է իմ այժմյան տեսքը (Կարլսենն արշավային էր` շորտով, բոթասներով – Է.Հ.): Տաթևն ինչ-որ չափով ինձ հիշեցրեց իմ հայրենիքը»:

Կարլսենը նշեց, որ առաջին անգամ Արոնյանի հետ հանդիպել է, երբ 13 տարեկան էր:

Շախմատի չեմպիոնը չշրջանցեց նաև ֆուտբոլի աշխարհի առաջնության թեման: «Բնականաբար հետևում եմ աշխարհի առաջնությանը, կարծում եմ՝ չեմպիոն կդառնա Արգենտինայի հավաքականը, իսկ անձամբ ես երկրպագում եմ Փղոսկրի ափի հավաքականին (Կոտ-դ'Իվուարին)»,-ասաց Կարլսենը:

Մեր Լևոն Արոնյանն էլ շնորհակալություն հայտնեց Կարլսենին` իր հրավերն ընդունելու և Հայաստան այց կատարելու համար:

Նա նշեց, որ չի ասում, թե Օլիմպիադայում կհաղթենք, բայց հույս ունի՝ լավ կխաղան:

Այն հարցին, թե ինչպե՞ս էր իրեն զգում էքսկուրսավարի դերում, ասաց, որ դեռ նոր է ընդունվել այդ աշխատանքին և դեռ շատ բան չգիտի:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված