Արայիկ Բաղդադյան. «Հենց այս կազմը կմասնակցի աշխարհի առաջնությանը»Արայիկ Բաղդադյան. «Հենց այս կազմը կմասնակցի աշխարհի առաջնությանը»

Արայիկ Բաղդադյան. «Հենց այս կազմը կմասնակցի աշխարհի առաջնությանը»

03.06.14 13:59
Արայիկ Բաղդադյան. «Հենց այս կազմը կմասնակցի աշխարհի առաջնությանը»

Մատեո Պելիկոնեի հուշամրցաշարի ավարտից հետո լրագրողների հետ հանդիպեցին Հայաստանի ըմբշամարտի նաև ազատ ոճի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը, մարզիչ Հովսեփ Հովսեփյանն ու մրցաշարում իրենց քաշային կարգերում հաղթողներ Վոլոդյա Ֆրանգուլյանն ու Գրիգոր Գրիգորյանը:

«Մրցաշարին մասնակցում էինք 6 մարզիկով: Շատ հետաքրքրիր, միջինից բարձր կարգի մրցաշար էր, որում տղաներն իրենց խնդիրները կատարեցին, տպավորիչ հաղթանակներ տան: Թե՛ Վոլոդյան ու թե՛ Գրիգորն իրենց բարձր կարգը ցույց տվեցին՝ հաղթելով մրցակիցներին: Հաջող ելույթներ ունեցավ Գարիկ Բարսեղյանը, սակայն նրա մրցելույթների ընթացքում մրցավարների կողմնապահություն կար: ճիշտ է՝ մրցակիցն էլ թույլ չէր՝ Եվրոպայի առաջնության երրորդ մեդալակիր: Բայց և այնպես՝ եթե մրցավարների կողմնապահությունը չլիներ, վստահ եմ, որ Գարիկը եզրափակիչ կանցներ ու կհաղթեր:

Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը նույնպես լավ մասնակցեց, թեև գրավեց 3-րդ տեղը: Բայց չմոռանանք, որ աշխարհի առաջնությունից հետո նա 8 ամիս չէր մասնակցել միջազգային մրցաշարերի: Կիսաեզրափակչում Դավիթը զիջեց հնդիկ ըմբիշին: Պատճառը բացառապես վերջին շրջանում մրցափորձի պակասն էր:

84կգ քաշային կարգում մի փոքր հիասթափեցրեց Մուսա Մուրթազալիևը: Ճիշտ է՝ այստեղ նույնպես մրցավարական սխալի հետ գործ ունեցանք, սակայն պետք էր ավելի լավ գոտեմարտել: Ամեն դեպքում՝ շտկումների տեղ կա: Ավելին էին սպասումները նաև 97կգ քաշային Էդգար Ենոքյանից:

Ինչևէ, կարևորն այն է, որ վնասվածքներ չունենք»,-ամփոփեց Բաղդադյանը:

Ի դեպ, տղաներն իրենք գոհ են մրցաշարից:

«Մրցաշարից գոհ եմ: 4 գոտեմարտում հաղթեցի 10:0 առավելությամբ: Լավ էի պատրաստվել»,-ասաց Վոլոդյա Ֆրանգուլյանը:

Իսկ Գրիգոր Գրիգորյանն էլ նշեց, որ որպես այդպիսին այս մրցաշարին նախորդող հավաք չէր անցկացվել, մարզվել էին իրենց դահլիճներում ու հանգիստ էին:

«Շաբաթական 3 անգամ մարզվում էի հավաքականի հետ մինչ մրցաշարը: Հիմնականում մարզվում էի մեր դահլիճում: Ամեն դեպքում հանգիստ էի. Առանձնապես շատ լավ մարզավիճակում չէի մրցաշարից առաջ»,-ասաց Գրիգորյանը:

Իսկ մարզիչը խոսեց նաև թիմի հետագա անելիքներից:

«Հունիսի 8-ին մեկնելու ենք Վլադիկովկաս՝ հավաքի: Հուլիսի 4-ից Ծաղկաձորում ընդլայնված հավաքի կմասնակցենք Վրաստանի, Բուլղարիայի, Ղրղզստանի թիմերի հետ: Ամենայն հավանականությամբ հավաքին կմասնակցեն նաև ԱՄՆ-ի և Իտալիայի ըմբիշները։

Իսկ արդեն հուլիսի 18-20-ը մեր թիմն աշխարհի առաջնությունից առաջ կմասնակցի վերջին միջազգային մրցաշարին՝ Ստեփան Սարգսյանի հուշամրցաշարին։

Դրան կհաջորդի Ռուսաստանի հավաքականի հետ համատեղ հավաքն, ապա՝ Ուզբեկստանի հավաքականի հետ հավաքն արդեն Տաշքենդում, որտեղ էլ կայանալու է աշխարհի առաջնությունը»,-ասաց Բաղդադյանը:

Մարզչի խոսքով բնավ մտահոգիչ չէ, որ այսօր հաղթողներ ունենք ոչ օլիմպիական քաշային կարգերում: «Ես տղաներից գոհ եմ ու վստահ, որ ընդամենը մի քանի տարուց Վոլոդյա Ֆրանգուլյանը կարող է փոխարինել Դավիթ Սաֆարյանին: Գրիգոր Գրիգորյանն արդեն հաջորդ տարի մասնակցելու է 74կգ քաշային կարգում»,-ասաց մարզիչը: Բաղդադյանը հավելեց նաև, որ վնասվածքների բացակայության դեպքում ամենայն հավանականությամբ հենց այս կազմը կմասնակցի աշխարհի առաջնությանը, քանի որ ինքը գոհ է այս կազմից: Մասնավորապես՝ իր քաշային կարգում Հայաստանի փոխչեմպիոն Վոլոդյա Ֆրանգուլյանը միանշանակ կփոխարինի Հայաստանի չեմպիոն Նարեկ Սանոյանին, քանի որ Նարեկը բոլոր այն մրցաշարերը, որոնց մասնակցել է վերջին շրջանում տապալել է:




sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված