Աղասի Ինանց. «Հավատում եմ, որ կրկին կկարողանամ քայլել»Աղասի Ինանց. «Հավատում եմ, որ կրկին կկարողանամ քայլել»

Աղասի Ինանց. «Հավատում եմ, որ կրկին կկարողանամ քայլել»

23.04.14 17:52
Աղասի Ինանց. «Հավատում եմ, որ կրկին կկարողանամ քայլել»

Օրերս դժբախտ դեպք է պատահել Հայաստանի շախմատային ֆեդերացիայի ու շախմատի համաշխարհային ֆեդերացիայի աշխատակից, Sport.am-ի լավ բարեկամ Աղասի Ինանցի հետ: Աղասին դժբախտ պատահարի արդյունքում վրաերթի է ենթարկվել ու այժմ հիվանդանոցում է:

Որքան էլ աբսուրդային թվա՝ Ինանցին վրաերթի է ենթարկել իր իսկ մեքենան:

Ինչպես մեզ հետ զրույցում պատմեց հենց Աղասին՝ դեպքը պատահել է անցած կիրակի օրը՝ ապրիլի 20-ին, երբ ինքը կանգնեցրել է մեքենան, իջել ու նկատել, որ մեքենան թեք հարթությունից ներքև է շարժվում: Ինանցը փորձել է կանգնեցնել՝ զուգահեռաբար զգուշացնելով առջևում գտնվող մարդուն վտանգի մասին, բայց տեսնելով, որ դա չի օգնում, ստիպված է եղել անձնազոհության գնալ՝ այդպիսով փրկելով մեկ այլ՝ անմեղ մարդու կյանքը: Դժբախտությունների շարքը դրանով չի ավարտվել՝ մեքենան Աղասիին հարվածել է բետոնե պատին՝ արդյունքում լրջագույն վնասվածքներ հասցնելով վերջինիս:

«Վիրահատությունս շուրջ 2.5 ժամ է տևել, ոտքս թե՛ ներսից ու թե դրսից ամբողջությամբ ամրացված է երկաթներով: Իհարկե, սարսափելի է, բայց սա անհավանական ու ամենամեղմ «պատիժս» էր ստեղծված իրավիճակում:

Թեպետ վիրաբույժները հիանալի են կատարել իրենց աշխատանքն ու շուրջ 25 կոտրվածք ունեցող ոտքս կարողացել են «բերել սկզբնական վիճակի», հիանալի հասկանում եմ, որ ապագան անորոշ է՝ հնարավոր է թե՛ հաշմանդամությունն ու թե՛ կատարյալ ապաքինումը: Այժմ ամեն բան կախված է օրգանիզմիցս:

Բժիշկների խոսքով՝ բուժման լավ ընթացքի դեպքում 6 շաբաթից կհեռացնեն արտաքին երկաթները, ևս 3 ամիս անց կկարողանամ քայլել ձեռնափայտով, իսկ դրանից որոշ ժամանակ անց կթույլատրեն նաև վնասված ոտքս օգտագործել:

Դրանից 1.5-2 տարի անց էլ 2-րդ վիրահատության կենթարկվեմ, որի ժամանակ արդեն կհեռացվեն ներքին երկաթները…

Ճիշտ է, այս ամենը դեռ միայն երազանք է, բայց ես չեմ պատրաստվում հանձնվել: Շատ մտքեր ու ծրագրեր ունեմ, որոնք վաղ թե ուշ կյանքի եմ կոչելու:

Ինչպես իմ հետ կապված ցանկացած հարցում՝ այժմ էլ պատրաստ եմ պայքարել ու հավատում եմ, որ կրկին կկարողանամ քայլել»,-ասաց Աղասի Ինանցը:

Sport.am-ի ողջ անձնակազմն ի սրտե առողջություն ու տոկունություն, անսահման հավատ ու ուժ է մաղթում մեր բարեկամ ու գործընկեր Աղասի Ինանցին:

Արա՛գ ապաքինվիր, մենք քո ուժերին հավատում ենք…



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված