Ալեքս Միսկիրտչյանի ԱյբուբենըԱլեքս Միսկիրտչյանի Այբուբենը

Ալեքս Միսկիրտչյանի Այբուբենը

26.02.14 09:24
Ալեքս Միսկիրտչյանի Այբուբենը

Թբիլիսիում ծնված, Բելգիայում բնակվող ու Դանիայում եվրոպական իր երրորդ չեմպիոնությունը ձևակերպած բռնցքամարտիկ Ալեքս Միսկիրտչյանը հույս ունի՝ Հայաստանում անցկացնել Եվգենի Գրադովիչի հետ աշխարհի չեմպիոնության մրցամարտը:

Նա Խանդոտ էր, ունի տարօրինակ Կյանք, չի սիրում Շներին ու Ռինգում իրեն ավելի հանգիստ է զգում, քան կյանքում…

Այբուբենի հայելում կիսաթեթև քաշային կարգում EBU վարկածով Եվրոպայի եռակի չեմպիոն, Բելգիայի չեմպիոն բռնցքամարտիկ Ալեքս Միսկիրտչյանն է…

Վայելե՛ք…

Ա-Ալեքս

Ալեքս, Ալեքսանդր… Իմ անունն է… Ես եմ…

Բ-Բռնցքամարտ

Բռնցքամարտը կյանքս է…

Գ-Գլուխ

Առանց «գլխի» մարդը բանի պետք չէ..

Դ-Դանիա

Դանիայում`Էսբերգ քաղաքում ես ձևակերպեցի Եվրոպայի 3-րդ չեմպիոնությունս… Նոկաուտով հաղթեցի Անդրեաս Էվենսենին: Դա փաստ է, պատմություն…

Ե-Երևան

Երևանն ինձ համար ամեն ինչ է…

Զ-Զուռա

Զուռան քեռիս է…

Է-էություն

Էությունս դժվար է բառերով ներկայացնել կամ բացատրել…

Ը-Ընկեր

Առանց ընկերների կյանքը չեմ պատկերացնում: Մարդն առանց ընկերների անպետք է…

Թ-Թբիլիսի

Թբիլիսիում ծնվել եմ, մեծացել…

Ժ-Ժամանակ

Ոչնչի համար ժամանակս չի հերիքում…

Ի-Ինքնաթիռ

Շատ ժամանակ եմ անցկացնում ինքնաթիռում: Տարեկան 4 անգամ մեկնում եմ լոս-Անջելես՝ 14 ժամ թռիչք ինքնաթիռով… Պատկերացրեք ինքներդ…

Լ-Լուկա

Լուկան ավագ որդիս է… Կյանքիս իմաստը

Խ-Խանդ

Խանդոտ եմ… Խանդոտ էի, շատ խանդոտ, երբ երիտասարդ էի… Իսկ հիմա… Ես կնոջս հետ արդեն 11 տարի եմ ու այնքա՜ն հանգիստ եմ հոգով ու սրտով… Դա փորձն է, իմաստությունը, վստահությունը…

Ծ-Ծնունդ

Շուտով՝ 3 ամսից, կծնվի երկրորդ զավակս…

Կ-Կյանք

Իմ կյանքը շա՜տ տարօրինակ է… Ես նրանից գոհ եմ, բայց ինքս էլ երբեմն ոչինչ չեմ հասկանում… Ես անընդհատ անիվների վրա եմ, անընդհատ՝ ճամպրուկային տրամադրությամբ… Ու այդ ամենը ինձ համար շատ տարօրինակ է… Ես չեմ կարողանում նստել, հանսգտանալ, մտածել…

Հ-Հայաստան

Հույս ունեմ՝ Հայաստանում անցկացնել Գրադովիչի հետ աշխարհի չեմպիոնության մրցամարտը:

Ձ-Ձուկ

Բայց՝ ձուկը ջրում առևտուր չենք անում (նայիր մի տող վերև)

Ղ-Ղայիմ

«Ղայիմը» վրացահայերեն բառ է, շատ եմ օգտագործում… Նշանակում է «լավ»:

Ճ-Ճանապարհ

Ճանապարհներին շատ ժամանակ եմ անցկացնում…

Մ-Միշկա

Տղաս է… Երկրորդ զավակս, որ կծնվի միայն 3 ամիս անց…

Յ-Յանիկ

Յանիկը Յանիկ Քալանթարյանն է… Նրա մասին կարդացեք «Ք» տառում: Իսկ ընդհանրապես՝ Յանիկը իմ ընկեր Յանիկն է, իսկ ա՜յ Քալանթարյանը…

Ն-Նիկոլայ

Նիկոլայը փոքր եղբայրս է… Ես եմ նրան մեծացրել…

Շ-Շուն

Չեմ սիրում շներին… Շներ ունեցել եմ, պահել… Վերջինն անգամ կծեց ինձ…

Ո-Որոշում

Որոշում ընդունելն ինձ համար շատ բարդ է…Սակայն ինչը դժվար է որոշվում՝ հեշտ է տրվում…

Չ-Չեմ ուզում

Շատ բան չեմ ուզում… Երբ ինչ-որ բան չեմ ուզում, բայց պարտավոր եմ, փորձում եմ վարվել այնպես, ինչպես սիրտս է թելադրում:

Պ-Պարտք

Ես ինձ մեծ պարտք ու նպատակ ունեմ. աշխարհի չեմպիոն դառնալ…

Ջ-Ջուր

Ջուրը կյանք է… Շատ-շատ եմ ջուր խմում:

Ռ-Ռինգ

Ռինգում է կյանքս անցնում… Կյանքն ինքը ռինգ է… Ու, գիտեք՝ ռինգում ինձ ավելի հանգիստ ու հեշտ է, քանի կյանքում…

Ս-Սոչի

Ալանն ու Վալերին (Ալան Վանակերն ու Վալերի Սաֆարյանը՝ Ալեքսի պորմոութեր- մենեջերն ու պարզապես գործընկեր-ընկերը) առավոտվանից ինձ «ռմբահարում են» Սոչիի օլիմպիական խաղերում…
Օլիմպիադային, բնականաբար, հետևում էի… Առավել հետաքրքրում էր դահուկային սպորտը. Կարծում եմ ձմեռային Խաղերի ամենահետաքրքիր մրցաձևեից մեկն է… Միայն թե ես չեմ կարող այդ մարզաձևով զբաղվել՝ բռնցքամարտիկ եմ, ու ինձ արգելված է նման վնասվածքաբեր մարզաձևերով զբաղվել:

Վ-Վովա

Ձեզ հետ եմ զրուցում ու հիշեցի ձեր խմբագրին՝ Վովային :)

Տ-Տատիկ

Օ՜, իմ տատիկն իսկապես իմ կյանքն է… Նա ամեն ինչ է ինձ համար արել՝ կյանքս կառուցել, ինձ մեծացրել, նրան եմ ամեն բանով պարտական ու ամենից շատ հենց նրան եմ սիրում…

Ր-Րոպե

Մի րոպե է տևում ընդմիջում-հանգիստը ռաունդների արանքում… Ու ես պիտի այդ 1 րոպեի ընթացքում հասցնեմ հանգստանալ, վերականգնվել, ուշքի գալ ու «հավաքվել»՝ ռինգ դուրս գալու համար..

Ց-Ցանկություն

Ամենամեծ ցանկությունս ընտանիքիս, երեխաներիս կյանքն ապահովելն է…

Ու-Ո՞ւր ես

Ասում եմ մարդկանց, ում սպասում եմ… Նպատակներին երբևէ այդ հարցը չեմ ուղղում՝ ես ինքս եմ դրանց հասնում, իսկ ա՜յ մարդիկ…

Փ-Փող

Բնականաբար՝ փողը սիրում ու կարևորում եմ, քանի որ կյանքում հաճախ որոշիչ դեր է կատարում, առանց փող գրեթե ոչինչ հնարավոր չէ անել…

Ք-Քալանթարյան Յանիկ

Յանիկ Քալանթարյանը հայտնի բիզնեսմեն է ու իմ լավ ընկերը… Բելգիա-հայկական առևտրի պալատի փոխնախագահը… Ուղղակի լավ մարդ է…

Եվ- Եվ ի՞նչ

Չգիտեմ…

Օ-Օդեսսա

Սիրում եմ Օդեսսան…

Ֆ-Ֆուտբոլ

Սիրում եմ ֆուտբոլը, սիրում եմ գեղեցիկ ֆուտբոլը… Հենց այդ պատճառով էլ սիրում եմ նայել «Ռեալի», «Բարսելոնայի» ու «Միլանի» խաղերը… Մարզադաշտերում ինձ հաճախ կարելի է տեսնել թե՛ Բելգիայում ու թե՛ Բելգիայից դուրս…


Նախագիծը՝ Գայանե Նազարյանի

Լուսանկարները՝ Ալեքս Միսկիրտչյանի անձնական արխիվից



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված