«Իմ շախմատը» գրքի շնորհանդեսը՝ Երևանում
05.11.13 16:24Նոյեմբերի 4-ին, ժամը 18:30-ին «Կոնգրես» հյուրանոցում տեղի ունեցավ միջազգային վարպետ, Հայաստանի և ՖԻԴԵ-ի վաստակավոր մարզիչ, Լևոն Արոնյանի մարզիչ-մրցավկա (սեկունդանտ) Աշոտ Նադանյանի «Իմ շախմատը» գրքի շնորհանդեսը։
Աշոտ Նադանյանն իր գիրքը նվիրել է սիրելի քրոջ հիշատակին:
«Այսօր առավոտյան քրոջս շիրիմին էի այցելել. ասացի նրան, որ վերջապես տպագրեցի գիրքս, որը մեծագույն սիրով նվիրել եմ նրա հիշատակին»,-ասաց Նադանյանը Sport.am–ի թղթակցի հետ զրույցում:
Գիրքը ներառում է ոչ միայն հեղինակի ընտրված և մանրամասն մեկնաբանված շախմատային պարտիաները, այլև՝ նրա լավագույն աֆորզիմները, ինքնակենսագրական վիպակն ու ակնարկները:
Գրքի շնորհանդեսը կազմակերպվել էր «Армянка» ամսագրի կողմից: Աշոտ Նադանյանին շնորհավորելու էին եկել նրա ընկերները, հարազատները, մշակույթի, քաղաքականության և սպորտի նշանավոր գործիչներ, շախմատի տղամարդկանց հավաքականի ողջ կազմը:
Հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը հանդես եկավ շնորհավորական խոսքով:
Երեկոյի ընթացքում տեղի ունեցան պարային շոու, գործիքային և վոկալային ելույթներ և մի շարք այլ անակնկալներ, ինչպես օրինակ գեղեցիկ տոնական տորթը:
«Իմ շախմատը» գրքի վաճառքից գոյացած միջոցները փոխանցվելու են «Հայ մայրեր» բարեգործական հասարակական կազմակերպությանը: «Գրքի վաճառքի ողջ հասույթը բարեգործական որևէ հիմնադրամի ուղղելու գաղափարն առաջարկել է հենց Աշոտ Նադանյանը, իսկ «Армянка» ամսագրի տնօրենի խորհրդով ընտրվել է «Հայ մայրեր» բարեգործական հիմնադրամը, ինչի համար հայտնում եմ իմ խորին երախտագիտությունը»,-նշեց կազմակերպության հիմնադիր Նարինե Մանուկյանը: