Վիուլեն Այվազյանի ԱյբուբենըՎիուլեն Այվազյանի Այբուբենը

Վիուլեն Այվազյանի Այբուբենը

01.10.13 16:30
Վիուլեն Այվազյանի Այբուբենը

Դժվար թե պատկերացնեիք, որ «Փյունիկի» հարձակվող Վիուլեն Այվազյանը կարող է ֆոբիա ունենալ, կամ՝ որ սիրում է արևելյան քաղցրավենիքներ ու մեծ թենիս, և ժամացույցների հանդեպ թուլություն ունի…

Իսկ գիտե՞ք, թե որ զգացումն է նրա մոտ բացակայում… Համենայն դեպս՝ իր կարծիքով…

Ծանոթացե՛ք, Վիուլեն Այվազյան

Ա-Աշխատասիրություն

Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ դառնալու ամենակարևոր հատկանիշներից մեկը:

Բ-Բարձրություն

Ֆոբիա ունեմ. վախենում եմ բարձրությունից:

Գ-Գյումրի

Իմ սիրելի քաղաքը, որտեղ ծնվել և մեծացել եմ, որը միշտ իմ սրտում է:

Դ-Դժվարություն

Ցանկացած մարդու կյանքում լինում են դժվարություններ, պետք է քո մեջ ուժ գտնես՝ դրանք հաղթահարելու համար:

Ե-Երազանք

Երազանքն ու նպատակը տարբեր հասկացություններ են, պետք չէ դրանք շփոթել իրար հետ

Զ-Զինվոր

Ազգի պաշտպանը: Հենց նրան շնորհիվ է, որ մենք խաղաղ ապրում ենք մեր երկրում:

Է-Էլեն

Մայրիկիս անունն է:

Ը-Ընտանիք

Ամենաթանկ բանը, որ կա իմ կյանքում: Շատ եմ ափսոսում, որ չեմ կարողանում ավելի երկար ժամանակ անցկացնել ընտանիքիս հետ:

Թ-Թենիս

Մեծ թենիսն իմ ամենասիրելի մարզաձևն է ֆուտբոլից հետո: Անպայման հետևում եմ հետաքրքիր խաղերին:

Ժ-Ժամացույց

Իմ թուլությունն է. չեմ կարողանում անտարբեր լինել դրանց նկատմամբ:

Ի-Իմպրովիզացիա

Շատ եմ սիրում իմպրովիզացիաներ թե՛ ֆուտբոլում և թե՛ կյանքում:

Լ-Լռություն

Միայն այդ ժամանակ եմ կարողանում լիարժեք հանգստանալ:

Խ-Խաղադաշտ

Միակ տեղը, որ մոռանում եմ ամեն ինչի մասին և ու լիովին տրվում ֆուտբոլին:

Ծ-Ծերություն

Շատ եմ փորձել, բայց չեմ կարողանում ինձ պատկերացնել այդ ժամանակ:

Կ-Կարոտ

Մեկ-մեկ թվում է, որ ինձ մոտ բացակայում է այդ զգացումը:

Հ-Հովհաննես

Հայրիկիս անունն է: Նա ոչ միայն լավ հայր է ինձ համար, այլ նաև իսկական ընկեր, ով շատ իմաստուն խորհուրդներ է տալիս թե՛ կյանքում, թե՛ սպորտում… Միշտ օգնում է շարժվել ճիշտ ուղով:

Ձ-Ձյուն

Ինձ համար՝ բնության գեղեցկություն

Ղ-Ղադայիֆ

Անտարբեր չեմ արևելյան քաղցրավենիքի նկատմամբ, սա իմ սիրելի թխվածքն է

Ճ-Ճանապարհ

Ինչ ճանապարհ էլ մարդ ընտրի իր համար՝պարտավոր է գնալ մինչև վերջ: Ճիշտ չէ, երբ դժվարությունների հանդիպեսիլ ետ են դառնում կամ կանգ են առնում:

Մ-Մենակություն

Շատ եմ սիրում մենակ մնալ և ինքս իմ մեջ վերլուծել ամեն ինչ:

Յ-Յոթ

Իմ սիրելի ու հաջող թիվն է:

Ն-Նվիրվածություն

Շատ եմ գնահատում այդ մարդկային որակը: Նրանց, ովքեր նվիրված են ինձ, պատասխանում եմ նույն կերպ

Շ-Շատախոսություն

Չեմ սիրում շատախոս մարդկանց: Կարևոր է, որ մարդ իմանա՝ որտեղ ի՛նչ է խոսում:

Ո-Որոշում

Կյանքում կան պահեր, երբ պետք է կատարել ճիշտ որոշում, որից հետո կյանքդ կարող է լրիվ փոխվել:

Չ-Չինաստան

Շատ եմ ուզում Չինաստանում լինել: Խորհրդավոր նշանակություն ունի ինձ համար: Նաև շատ եմ սիրում չինական խոհանոցը:

Պ-Պատասխանատվություն

Սիրում եմ պատասխանատվություն վերցնել ինձ վրա ամենակարևոր պահերին:

Ջ-Ջին

Վատ չէր լինի՝ ունենայի:

Ռ-Ռաֆայել Նադալ

Իմ ամենասիրելի մարզիկներից է, եթե ոչ ամենասիրելին: Հաճույք եմ ստանում նրա խաղերը դիտելուց:

Ս-Սև

Սիրելի գույնս է: Կարծում եմ՝ բոլոր գույները սկիզբ են առել հենց սևից:

Վ-Վճռականություն

Լավ արդյունքի հասնելու համար շատ կարևոր հատկանիշներից մեկն է:

Տ-Տաղանդ

Աշխատասիրության հետ մեկտեղ երկրորդ կարևոր գործոնը, առանց որի, կամ երկուսից մեկի բացակայության պայմաններում անհնար է հասնել ինչ-որ բանի:

Ր-Րոպե

Ժամանակի միավորը ու ամենաթանկ արժեքներից մեկը: 1 րոպեն կարող է վճռական լինել մարդու հետագա կյանքում:

Ց-Ցրվածություն

Երբեմն խանգարում է կենտրոնանալ աշխատանքի վրա:

Ու-Ուշադրություն

Շատ կարևոր է միշտ ուշադիր լինելը, հատկապես մարզադաշտում, նույնիսկ մեկ վայրկյան անուշադրությունը կարող է ճակատագրական դառնալ:

Փ-Փառք

Ցանկացած մարզիկի՝ այդ թվում նաև ինձ համար մեծ երազանք է՝ հասնել փառքի, ունենալ ճանաչում, ընդ որում ոչ միայն սեփական երկրում, այլև ամբողջ աշխարհում: Աշխատում եմ ամեն ինչ անել դրա համար:

Ք-Քրիստոնեություն

Հայաստանի պետական կրոնն է, որին անվերապահորեն հավատում եմ ու հպարտ եմ, որ Քրիստոնյա եմ:

Եվ-Եվա

Կանացի ամենասիրելի անունը ինձ համար:

Օ-Օգտագործել

Մարդ պետք է կարողանա օգտագործել կյանքում իրեն տրված շանսը:

Ֆ-Ֆիզիկա

Միակ առարկան էր դպրոցում, որը չէի սիրում:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված