Վերադարձ անցյալ, կամ՝ Հենրիխ Մխիթարյանի Այբուբենը, դուբլ 1-ինՎերադարձ անցյալ, կամ՝ Հենրիխ Մխիթարյանի Այբուբենը, դուբլ 1-ին

Վերադարձ անցյալ, կամ՝ Հենրիխ Մխիթարյանի Այբուբենը, դուբլ 1-ին

03.09.13 16:00
Վերադարձ անցյալ, կամ՝ Հենրիխ Մխիթարյանի Այբուբենը, դուբլ 1-ին

Մեր ընթերցողներից շատ-շատերը մեզ դիմում են՝ հարցնելով, թե ե՞րբ վերջապես մեր «Այբուբեն» նախագծի շրջանակներում կծանոթանան Հենրիխ Մխիթարյանի այբուբենին…

Խնդիրը բարդ չէ ու ոչ էլ անիրականալի, սակայն ամեն բան ժամանակ է պահանջում…

«Այբուբեն» նախագծի հեղինակ Գայանե Նազարյանն իր գզրոցներից է հանել դեռևս 2009թ-ին «90 րոպե» ֆուտբոլային թերթում նմանօրինակ մի նախագծի շրջանակներում իր զրույցն այն օրերին ընդամենը 20 տարին նոր-նոր բոլորած Հենրիխի հետ…

Այս «Այբուբենի» լրացումից անցել է 4 տարի՝ «Փյունիկ», «Մետալուրգ», «Շախտյոր», այժմ արդեն՝ «Բորուսիա»… Ու զարգացում՝ պրոֆեսիոնալ, հոգևոր, ինտելեկտուալ…

Վերադարձ անցյալ, կամ՝ Հենրիխ Մխիթարյանի Այբուբենը, դուբլ 1-ին (հունվար, 2009թ)


Ա-«Արսենալ»

«Արսենալն» իմ սիրելի թիմն է՝ առանձնացող իր թիմային խաղով և հրաշալի ֆուտբոլիստներով

Բ - բարդություն

Յուրաքանչյուր ֆուտբոլիստի մոտ լինում են բարդություններ: Ուղղակի ուժեղ է նա, ով կարողանում է այդ դժվար ու բարդ իրավիճակներից ելք գտնել ու դուրս գալ:

Գ -Գոլ

Ֆուտբոլի առանցքն է: Առանց գոլի խաղ հնարավոր չէ հաղթել: Գոլը նաև ֆուտբոլին գեղեցկությունն ու հմայքն է:

Դ-Դերակատար թե՞ Դիտորդ

Նախընտրում եմ լինել դերակատարի դերում, քան՝ դիտորդի, քանի որ հանգիստ հետևել ծավալվող իրադարձություններին ու չմասնակցել չեմ կարող:

Ե-Երևան

Երևանն այն քաղաքն է, որտեղ ապրում եմ ու որը շատ եմ սիրում:

Զ-Զինեդին Զիդան

Կարող եմ ասել, որ աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է, ով միշտ աչքի է ընկել իր բարձր խաղով և կայունությամբ:

Է-էգոիստ

Չեմ սիրում էգոիստ մարդկանց, ովքեր մտածում են միայն իրենց շահերի մասին:

Ը–ընկերություն

Ընկերությունը պետք է լինի թե՛ դաշտում և թե՛ դաշտից դուրս, քանի որ ֆուտբոլը թիմային խաղ է:

Թ –Թուրքիայի երիտասարդական հավաքականի հետ հանդիպում

Հայաստան –Թուրքիա երիտասարդական հավաքականների միջև հանդիպումը Երևանում երբեք չեմ մոռանա, ու երբեք չեմ մոռանա այդ խաղում իմ խփած գոլը: Սակայն, կարծում եմ, որ դեռ շատ այդպիսի պահեր եմ ապրելու:

Ժ-Ժլատություն

Ինքս չեմ սիրում ժլատ լինել, ու կցանկանայի, որ մյուսներն էլ այդպիսին չլինեն:

Ի –Իսպանիա

Շատ գրագետ և արագ ֆուտբոլ դավանող հավաքական ունի, որն էլ դարձավ Եվրո-2008-ի չեմպիոն:

Լ–Լամբորջինի

Մանկուց երազել եմ ունենալ այս տեսակի ավտոմեքենա:

Խ – Խելագար

Խելագարի պես սիրում եմ այն գործը, որով զբաղվում եմ, և հույս ունեմ դեռ ավելին սիրել

Ծ–Ծնող

Աշխարհի ամենասուրբ մարդիկ ծնողներս են, որոնց ես շատ եմ պարտական:

Կ–Կատարելագործվել

Աշխատում եմ կատարելագործվել բոլոր ուղղություններով ու բոլոր կողմերով

Հ–Համլետ

Հայրիկիս անունն է: Նրան սիրում եմ ու այսօր էլ համոզված եմ, որ հայրս ինձ հետևում է ու հսկում:

Ձ–Ձգտում

Յուրաքանչյու ոք պետք է ձգտի առավելագույնին և չբավարարվի նրանով, ինչին արդեն հասել է:

Ղ-Ղափամա

Լսել եմ, որ հայկական կերակուր է: Մեծ սիրով կփորձեի:

Ճ -Ճանապարհ

Շատ եմ ճանապարհորդում, շատ երկրներում լինում:

Մ–Մարինա

Մարինան մայրս է, ով միշտ կողքիս է ու միշտ խորհուրդներ է տալիս:

Յ–Յուրահատուկ

Յուրահատուկ է մեր ազգը, որը բոլորից տարբերվում է:

Ն–Նպատակ

Նպատակասլաց եմ ու միշտ փորձում եմ իմ առջև դրված նպատակներին հասնել, իրագործել դրանք:

Շ-Շնորհավորել

Հաճելի է, երբ հաղթանակից հետո քեզ շնորհավորում են:

Որոշում

Աշխատում եմ՝ որոշումներս արագ կայացնել, ընդ որում թե՛ խաղադաշտում ու թե՛ խաղադաշտից դուրս:

Չհավատալ

Չեմ սիրում, երբ ինձ չեն հավատում:

Պ-Պատասխանատվություն

Շատ դժվար է, երբ քեզ վրա մեծ պատասխանատվություն է դրված. միայն պատվով գործդ կատարելուց հետո կարող ես հանգիստ շունչ քաշել:

Ջ-Ջանք

Շատ ջանք է պետք թափել՝ ինչ-որ բանի հասնելու համար:

Ռ-Ռոնալդու

Զիդանից հետո երկրորդ ֆուտբոլիստն է ինձ համար: Նրան կարելի է դասել լավագույններից լավագույնի շարքում:

Սխալ

Բոլորն են սխալվում և կարիք չկա մեկ սխալի պատճառով մարդուն մեղադրել:

Վ-Վենգեր

Շատ եմ սիրում Արսեն Վենգեր մարզչին, քանի որ նա կարողանում է ճիշտ որոշում կայացնել թե՛ ֆուտբոլիստ ընտրելիս և թե՛ ֆուտբոլիստին ճիշտ դաստիարակելիս:

Տրամադրվել

Ցանկացած խաղի միշտ շատ լուրջ եմ տրամադրվում

Ր-Րոպե

Ֆուտբոլային հանդիպումը 90 րոպե է տևում, ու պետք է կարողանաս այդ 90 րոպեներն արդյունավետ ավարտի բերել:

Ց-Ցանկություն

Միայն բոլորիս ցանկության շնորհիվ կարողացանք Երևանում հաղթել Թուրքիայի երիտասարդական հավաքականին:

Ու-Ուտելիք

Շատ եմ սիրում համով ուտեստներ

Փ -«Փյունիկ»

«Փյունիկն» իմ թիմն է, այն թիմը, որում կարողացա առաջադիմել ու արդյունքի հասնել:

Ք-Քուն

Շատ կարևոր է քնել, որպեսզի կարողանաս շուտ վերականգնվել:

Եվ-…

Օ–Օրինակելի

Միշտ աշխատում եմ մարդկանցից օրինակ վերցնել ու նաև՝ օրինակ ծառայել մյուսներին:

Ֆ-Ֆուտբոլ

Այս բառը, այս երևույթն արդեն շատ բան է ասում ու նշանակում:


Նախագծի ու նյութի հեղինակ՝ Գայանե Նազարյան

Նյութը առաջին անգամ տպվել է 2009թ-ի հունվարին «90 րոպե» ֆուտբոլային թերթում:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված