Չեմպիոնների նվերները՝ երեխաներինՉեմպիոնների նվերները՝ երեխաներին

Չեմպիոնների նվերները՝ երեխաներին

31.08.13 15:52
Չեմպիոնների նվերները՝ երեխաներին


Մարզիկին սիրում և ճանաչում են ոչ միայն իր մարզական հաջողությունների, այլ նաև իր կատարած յուրահատուկ ու գնահատելի աշխատանքի շնորհիվ: Օրերս Սիսիանի Անգեղակոթ գյուղում մեծ ուրախություն էր: Մայրաքաղաից հեռու ու կտրված այս գյուղում թերևս յուրաքանչյուր ուշադրությունն գովասանքի մեծ խոսքերի է արժանանում:

Ծանրամարտի Օլիմպիական չեմպիոն Օգսեն Միրզոյանը իր որդու՝ Եվրոպայի չեմպիոն Առաքել Միրզոյանի հետ այցելել էին Անգեղակոթ և ուսոմնական տարվան ընդառաջ 1-ից 5-րդ դասարանի երեխաներին հանձնել դպրոցական պարագաներ և ֆիզկուլտուրայի դասերին անհրաժեշտ այլ իրեր:

Գյուղի ընտրությունը պատահական չէր: Օգսեն Միրզոյանի հայրը ծնվել է այդ գյուղում: Միրզոյանների ընտանիքը Էջմիածին քաղաքի Բաղրամյան գյուղ տեղափոխվելուց հետո էլ շարունակել է կապ պահպանել հարազատ ծննդավայրի հետ: Մեզ հետ զրույցում Առաքել Միրզոյանը մեծ ջերմությամբ ու ուրախությամբ էր պատմում իր պապերի ծննդավայր կատարած այցի մասին:

«Մեծ ուրախություն էր տիրում ողջ գյուղում: Իսկապես, խոսքերով դժվար է բացատրել: Հավաքվել էին գյուղում բոլոր-բոլորը, ներկա էին դպրոցականներն ու նույնիսկ գյուղի ամենատարեց մարդիկ: Նախապես պայմանավորվել էինք գյուղապետի հետ, մեծ միջոցառում էին կազմակերպել: Շատ բարձր մակարդակով մեզ ընդունեցին, ինչի համար շատ շնորհակալ ենք: Մենք առջին անգամ էինք այցելում Անգեղակոթ, բայց խոստանում եմ, որ այս այցելությունը վերջինը չի լինի: Նմանատիպ այցելությունները կլինեն շարունակական, և ոչ միայն այս գյուղում: Իմ հնարավորությունների չափ կփորձեմ օգնել բոլոր նրանց, ովքեր ունեն օգնության կարիք:

Աննկարագրելի ուրախություն է, երբ տեսնում ես, թե ինչպես է 95 տարեկան տատիկը կանգնած սպասում քեզ ողջունելուն ու համբուրելուն: Անգեղակոթում դեռ շատ փոփոխություններ կլինեն, մոտ ապագայում պատրաստվում եմ ծանրամարտի դահլիճ կառուցել գյուղի երեխաների համար: Այն երեխաների, որոնք մեծ ցանկություն ունեն մարզվելու, բայց ոչ մի հնարավորություն չկա:

Առիթից օգտվելով ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանին: Պարոն Ծառուկյանի անմիջական հովանավորությամբ Սիսիանում արդեն սկսել է կառուցվել սպորտային համալիր, որը հնարավորություն կտա բոլոր բնակիչներին զբաղվել սպորտով և, առհասարակ, առողջ ապրելակերպ վարել»,- ասաց Առաքել Միրզոյանը:



Գոհար Փիլիպոսյան Լուսանկարները՝ Առաքել Միրզոյանի անձնական արխիվից

sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված