Գրիգոր Աշուղբաբյան. «Վախի զգացում երբեք չեմ ունեցել»
12.08.13 12:46Այսօր, հուրախություն մեզ, շատ հայ մարզիկներ աշխարհի տարբեր մասերում ծածանում են հայկական եռագույնը և հնչեցնում հայկական հիմնը: WFC վարկածով աշխարհի չեմպիոն Գրիգոր Աշուղբաբյանը արդեն 13 տարի Ավստրիայի Վիեննա քաղաքում է բարձր պահում հայի անունն ու պատիվը, հնչեցնում մեր հիմնը: Այս օրերին Գրիգորը գտնվում է Հայաստանում և, իհարկե, չէինք կարող բաց թողնել նրա հետ զրուցելու բացառիկ առիթը: Թե ինչն է ստիպել նրան հեռանալ երկրից, ինչու միայն 13 տարի անց որոշեց վերադառնալ, ինչպիսի հաջողություններ է ունեցել և առաջիկայում ինչ ծրագրեր ունի, այս հարցերի պատասխանը փորձեցինք ստանալ անձամբ չեմպիոնից:
-Գրիգո՛ր, մի փոքր կպատմե՞ս քո մասին:
-Ծնվել եմ Էջմիածին քաղաքում: Ծնողներս` մայրս և հայրս, նույնպես այստեղ են ծնվել: Սիրում եմ իմ քաղաքը, թեև արդեն երկար տարիեր է այստեղ չեմ ապրում: Մանկությանս օրերը անցել են այստեղ:
-Ե՞րբ ես սկսել զբաղվել սպորտով:
-7 տարեկանից սկսել եմ կարատե պարապել: Այնուհետև սկսեցի մարզվել քիքբոքսինգ, որին էլ հաջորդեց մարտեր առանց կանոնների մարզաձը: Արդեն 21 տարեկան էի, երբ որոշեցի, որ պետք է զբաղվեմ մարտեր առանց կանոնների մարզաձևով:
-Քանի՞ տարեկան էիր, երբ հեռացար Հայաստանից:
-13-14 տարեկան էի, երբ ընտանիքով տեղափոխվեցինք Ռուսաստան, արդեն 90-ական թվականներն էր: 7 տարի Ռուսաստանում բնակվելուց հետո տեղափոխվեցինք Ավստրիա` Վիեննա, և մինչև օրս էլ ապրում ենք այնտեղ, այնտեղ էլ մարզվում եմ:
-13 տարի անց ի՞նչը ստիպեց Գրիգորին վերադառնալ Հայաստան:
-Այստեղ ունեմ հարազատներ, քույրս Հայաստանում է ապրում: Շատ ընկերներ ունեմ, որոնց երկար ժամանակ չէի տեսել: Բացի այդ, 13 տարի անց ուղղակի ցանկացա գալ Հայաստան: Արդեն 3 տարի է ծանոթացել եմ Արմֆայթինգ ֆեդերացիայի նախագահ Հայկ Ղուկասյանի հետ: Միշտ խոսում էինք, սոցիալական կայքերով անընդհատ կապի մեջ էինք և այս տարի վերջապես որոշեցի, որ պետք է գամ Հայաստան: Այժմ այստեղ եմ մարզվում` Արմֆայթինգ ֆեդերացիայում:
-Պատրաստվում ես այստե՞ղ մնալ, թե՞ որոշ ժամանակով ես միայն եկել:
-Ո՛չ, ամիս 17-ին կրկին վերադառնալու եմ Վիեննա:
-Օգոստոսի 30-ին պատարստվում ես մենամարտ անցկացնել, մի փոքր խոսենք դրա մասին:
-Այո, ամսի 30-ին ` Վլադիվոստոկ քաղաքում մասնակցելու եմ «Դրակա» կազմակերպություն կողմից անկցացվելիք մենամարտին: Արդեն գիտեմ մրցակցիս, ծանոթ եմ նրան, կփորձեմ լավ նախապատրաստվել: Այնուհետև երկու մենամարտ ունեմ Վիեննայում, առաջինը կլինի սեպտեմբերի 21-ին, երկրորդը` հոկտեմբերի 25-ին:
-Գրիգոր մի քանի օր է, ինչ Երևանում ես, հասցրե՞լ ես շրջել քաղաքում:
-Իհարկե, շատ-շատ է փոխվել Երևանը: Շատ գեղեցկացել է, ցավոք, միայն հրապարակում եմ կարողացել լինել: Պարապունքներիս գրաֆիկը շատ խիտ է, ազատ ժամանակ գրեթե չի լինում:
-Անդրադառնանք WFC վարկածով չեմպիոնական գոտու մենամարտին: Մինչ գոտու եզրափակիչ մենամարտը, գիտեմ, որ մի քանի մենամարտ ես անցկացրել, կպատմե՞ս մրցակիցներիդ մասին:
-Այո, մինչ եզրափակիչը մի քանի մենամարտ եմ անցկացրել: Հանդիպել եմ Լեհաստանի, Բելգիայի, Ֆրանսիայի, Ավստրիայի, Ռուսաստանի և եզրափակիչ մենամարտում Սլովակիայի ներկայացուցչի հետ:
-Այս մենամարտերից ո՞րը կառանձնացնես:
-Ամենադժվարը, երևի թե, Լեհաստանի մարզիկի հետ էր: Իհարկե, ես լավ պատրաստ էի, բայց մրցակիցս էլ բավական ուժեղ էր:
-Երկար տարիներ բնակվելով և մարզվելով Վիեննայում, հետևո՞ւմ ես հայկական սպորտի, հայ մարզիկների ելույթներին միջազգային ասպարեզներում:
-Իհարկե հետևում եմ: Շատ մարզական կայքեր կան, որոնց միջոցով տեղեկանում եմ: Վերջին շրջանում օգտվում եմ նաև Sport.am-ի լրատվությունից, շատ հաճելի է, քանի որ տարբեր մարզաձևերի եք անդրադառնում: Հետևում եմ բոլոր մարզաձևերին, ֆուտբոլ, ձյուդու, ըմբշամարտ, ծանրամարտ...:
-Դժվար մարզաձև ես ընտրել, կարո՞ղ ես նշել բռնցքամարտում հաջողության հասնելու համար ի՞նչ կարևոր հատկանիշներ են պետք:
-Նախ և առաջ պետք է քրտնաջան պարապել ու լսել մարզչին: Բոլորն էլ կարող են ինչ-որ աստիճանի հասնել, բայց կարծում եմ, որ, այնուամենայնիվ, սպորտի ու հատկապես բռնցքամարտի հանդեպ ի սկզբանե պետք է այդ կրակը լինի մարզիկի մեջ: Արդյունքի հասնելու համար մի փոքր ուժ ու քաջություն պետք է ի ծնե լինի:
-Հիշո՞ւմ ես քո առաջին պրոֆեսիոնալ մենամարտը:
- Հիշում եմ իմ առաջին մենամարտը մարտեր առանց կանոնների ռինգում: Ավարտել եմ հաղթանակով, բայց կարելի է ասել, որ շատ արյունոտ մենամարտ էր թե՛ ինձ համար, թե՛ մրցակցիս:
-Նշեցիր արյունոտ մենամարտ արտահայտությունը, ընդ որում, առաջին իսկ մենամարտում, իսկ դրանից հետո ինչ-որ բան չփոխվե՞ց քեզ մոտ, չցանկացար դադարեցնել մարզումներդ:
-Վախի զգացում երբեք չեմ ունեցել և չեմ զգացել ոչ մի պարագայում:
-Սպորտում հաղթանակներին զուգահեռ են նաև պարտությունները, ինչպե՞ս ես հաղթահարում դրանք:
-Իմ պարտություններից հետո անպայման դիտում եմ մենամարտիս տեսագրությունը: Տեսնում եմ, թե որտեղ եմ սխալվել, հետո աշխատում եմ ուղղել դա, որ հաջորդ մենամարտերի ժամանակ չկրկնվի նույն սխալը:
-Այս մարզաձևում շատ են լինում ցավալի պարտություններ` երբեմն մրցավարի սխալ որոշման, երբեմն էլ մարզիկի կոպիտ սխալի կամ անուշադրության արդյունքում, նման պարտություն ունեցե՞լ ես:
-Կարծում եմ, բոլոր դեպքերում սխալը միշտ մարզիկինն է: Երբեմն շատ մակերեսորեն են վերաբերում մարզումներին, չեն լսում մարզչի խորհուրդները: Կանոնավոր չեն հաճախում մարզումներին: Բայց, որպես այդպիսին, կարող եմ հիշել Լեհաստանում անցկացված մենամարտս չեչեն մարզիկի հետ: Մենամարտի ավարտին 10 վայրկյան էր մնում ու չկարողացա երկար դիմանալ, քնաի որ ձեռքի կոտրող հնարք էր կատարում:
-Գրիգոր, երբ հետևում ենք քո մենամարտերին, նկատում ենք, որ ռինգում քեզ ներկայացնելուց միշտ ազգանունդ սխալ են հնչեցնում:
-Անկեղծ ասած, յուրաքանչյուր մենամարտից առաջ միշտ հարցնում են ճիշտ տարբերակը: Եվրոպայում չեն կարողանում ասել Աշուղբաբյան, հիմնականում նշում են Աշուգբաբյան տարբերակը: Ինձ մոտ ասում են Աշուգբաբյան, իսկ ռինգում նորից ասում են Աշուբաբյան:
-Պրոֆեսիոնալ բռնցքամարտում մարզիկները հանդես են գալիս մականուններով, այլ կերպ ինչպե՞ս կարող ենք ռինգում կամ ռինգից դուրս ճանաչել Գրիգոր Աշուղբաբյանին:
-Իմ մականունը… Արջ է: Բայց ինձ ավելի շատ ընդունում ու ճանաչում են Գրիգոր Աշուղբաբյան անվանումով:
-Գրիգոր, երբևիցե կցանկանա՞ս, որ տղադ կամ տղաներդ զբաղվեն բռնցքամարտով, ընտրեն հայրիկի ուղին:
-Ճիշտն ասած, երևի թե կուզեի ֆուտբոլով զբաղվեին (ժպտում է): Բայց եթե ցանկանա բռնցքամարտ ես դեմ չեմ լինի: Առհասարկ, ինչ որ ընտրեն երեխաները ես միայն կողմ կլինեմ:
-Կո՞ղմ ես, որ աղջիկները զբաղվեն բռնցքամարտով:
- Կարծում եմ` ոչ: Բռնցքամարտը տղամարդու մարզաձև է:
-Մրցումներ, ամենօրյա մարզումներ... ինչո՞վ ես զբաղվում բռնցքամարտից դուրս, ազատ ժամանակ:
-Սիրում եմ հանգստանալ, լողալ, զբոսնել: Ազատ ժամանակ շատ չի լինում, բայց կարողանում եմ համատեղել: Շատ եմ սիրում լսել մեր հայկական երաժշտությունը, դիտել հայկական ֆիլմեր:
-Կա՞ն հայկական տոներ, որ անպայման նշում եք:
-Իհարկե, բոլոր տոները նշում ենք: Օրինակ` Զատիկը, մարտի 8-ը, ապրիլի 7-ը, Նոր տարին, բոլոր-բոլոր տոները նշում ենք, ինչպես Հայաստանում:
-Ցանկություն ունե՞ս երբևէ վերադառնալ Հայստան, այստեղ բանկվել ու մարզվել:
-Անկեղծ կլինեմ, մարզվելու համար պատարստ եմ կրկին գալ, բայց այստեղ գալ, բնակվել, դժվար կլինի: Երկար տարիներ է Վիեննայում եմ բնակվում, այնտեղ ամեն ինչ ստեղծել եմ, այնտեղ եմ ապրում: Ընկերներ, ընտանիք, մարզումներ. դժվար կլինի գալ այստեղ ու ամեն ինչ սկսել զրոյից:
-Տանը մայրիկդ պատարստո՞ւմ է հայկական ուտելիքներ:
-Իհարկե պատրաստում է, այստեղ ապրելը ոչ մի կերպ չի խանգարում հայկական ավանդական ուտելիքներից օգտվելուն:
- Ի՞նչ ես ամենից շատ սիրում:
-Անկեղծ ասած, շաաաաաատ եմ սիրում ձվածեղ :
-Իսկ ինքդ ինչ-որ բան կարողանո՞ւմ ես պատրաստել:
-Ձվածեղ (ժպտում է),կարողանում եմ միս տապակել, պատրաստել տաբեր տեսակի սուպեր, փլավներ և ասեմ, որ շատ լավ սուրճ եմ պատրաստում:
Դե ինչ, մեր մարզիկին մաղթենք հաջողություն առաջիկա մենամարտերում, նոր հաղթանակներ և ակնկալենք, որ մի օր Վիեննայում հայտնվելու դեպքում անպայման կփորձենք Գրիգորի պատրաստած Ձվածեղից և սուրճից:
Գոհար Փիլիպոսյան