Տարոն Ոսկանյանի ԱյբուբենըՏարոն Ոսկանյանի Այբուբենը

Տարոն Ոսկանյանի Այբուբենը

23.07.13 17:54
Տարոն Ոսկանյանի Այբուբենը

Նա կարդում է Սևակ, ընդունում է քննադատությունը, երբ այն տեղին է, ցանկանում է մի օր Լաս Վեգասում հայտնվել ու մշտապես լինել դերակատար, այլ ոչ թե դիտորդ…

Հենց նրան ենք հետևելու 11-րդ «Այբուբենի» հայելում…

Նա Հայաստանի ազգային հավաքականի և Երևանի «Փյունիկի» պաշտպան Տարոն Ոսկանյանն է:

Ա–Աստված, Աղոթք

Փորձում եմ շատ աղոթել: Այն շատ է օգնում: Ընդհանրապես բոլորին խորհուրդ կտայի շատ աղոթել:

Բ–Բարդություն

Յուրաքանչյուր ֆուտբոլիստի մոտ էլ լինում են բարդություններ, պարզապես ուժեղ է նա, ով կարողանում է այդ դժվար ու բարդ իրավիճակներից ելք գտնել:

Գ–Գոլ

Ֆուտբոլի առանցնքն է: Առանց գոլի ոչ մի խաղում հնարավոր չէ հաղթել: Գոլը նաև ֆուտբոլի գեղեցկությունն է ու հմայքը:

Դ–Դերակատար

Նախընտրում եմ դերակատար լինել, այլ ոչ թե դիտորդ, քանի որ չեմ կարողանում հանգիստ հետևել ծավալվող իրադարձություններին ու չմասնակցել դրանց:

Ե–Երաժշտություն

Կյանքս չեմ պատկերացնում առանց երաժշտության: Այն իմ կյանքի անբաժանելի մասնիկն է:

Զ–Զինվոր

Մեր զինվորներին համբերություն ու մեծ ուժ եմ ցանկանում, որ պատվով կատարեն իրենց պարտքը Հայրենիքին ու ողջ-առողջ վերադառնան իրենց հարազատներին:

Է–Էգոիստ

Չեմ սիրում էգոիստ մարդկանց, ովքեր միայն իրենց շահերի մասին են մտածում:

Ը–Ընկերություն

Շատ ուրախ ու հպարտ եմ, որ ունեմ իմ ընկերների պես լավ ընկերներ, որոնք միշտ իմ կողքին են թե՛ դժվար ու թե՛ ուրախ պահերին:

Թ–Թենիս

Ֆուտբոլից զատ նաև այս մարզաևն եմ սիրում: Միշտ փորձում եմ ժամանակ գտնել ու հետաքրքիր խաղերը դիտել:

Ժ–Ժամանակ

Ժամանակն այն եզակի բաներից է, որը ետ բերել չես կարող, այնպես որ ձգտում եմ վայելել իմ կյանքի յուրաքանչյուր վայրկյանը:

Ի–Ինքնատիրապետում

Գրեթե միշտ աշխատում եմ վերահսկել հույզերս՝ թե՛ խաղադաշտում ու թե՛ խաղադաշտից դուրս:

Լ–Լաս Վեգաս

Շատ եմ ուզում մի օր այդ քաղաքում լինել

Խ–Խոստում

Երբ որևէ մեկին ինչ-որ բան եմ խոսք տալիս, անպայման կատարում եմ խոստումս:

Ծ–Ծնող

Աշխարհի ամենասուրբ մարդիկ ծնոցներս են: Նրանց ես շատ եմ պարտական:

Կ–Կատարելագործվել

Ձգտում եմ կատարելագործվել բոլոր ուղղություններով, բոլոր կողմերով:

Հ–Հենրիկ

Հայրիկիս անունն է: Նրան սիրում եմ ու այսօր էլ համոզված եմ, որ հայրս միշտ իմ կողքին է:

Ձ–Ձգտում

Ձգտում եմ առավելագույնին ու չեմ բավարարվում նրանով, ինչին արդեն հասել եմ:

Ղ–Ղափամա

Լսել եմ, որ հայկական կերակուր է: Մեծ սիրով կփորձեի:

Ճ –Ճանապարհորդել

Շատ եմ ճանապարհորդում, շատ երկրներում եմ լինում:

Մ–Մալդինի
Մանուկ հասակում շատ էի սիրում նրա խաղը: Կարծում եմ՝ ժամանակակից ֆուտբոլում են նրա պես պաշտպանների պակասը կա:

Յ–Յուրահատուկ

Յուրահատուկ է մեր ազգը, բոլորից տարբերվում է:

Ն–Նպատակ

Նպատակասլաց եմ ու միշտ փորձում եմ իմ առջև դրված նպատակներին հասնել:

Շ–Շնորհավորանք

Հաճելի է, երբ հաղթանակից հետո քեզ շնորհավորում են:

Ո–Որոշում

Չափազանց կարևոր է ճիշտ որոշում կայացնելը: Հաճախ այն կարող է ճակատագրական լինել և ամբողջովին փոխել կյանքի հետագա ընթացքը:

Չ–Չեմպիոնների լիգայի օրհներգը

Իմ երազանքներից մեկն է՝ մի օր այդ օրհներգի հնչյուննների ներքո մտնել խաղադաշտ:

Պ– Պարույր Սևակ

Շատ եմ սիրում Սևակի պոեզիան, հաճախ եմ կարդում նրա գրքերը:

Ջ–Ջանք

Շատ ջանք է պետք թափել՝ ինչ-որ բանի հասնելու համար:

Ռ–Ռուզաննա

Մայրիկիս անունն է: Նա միշտ կողքիս է ու միշտ ճիշտ խորհուրդներ է տալիս:

Ս–Սառա

Սառան եղբորս երեխան է, մի քանի օր է՝ ինչ լույս աշխարհ է եկել: Նա նման է փոքրիկ հրաշքի : )

Վ–Վարդավառ

Սիրում եմ այդ տոնը

Տ–Տրամադրվել

Ցանկացած խաղի միշտ շատ լուրջ եմ տրամադրվում

Ր–Րոպե

Ֆուտբոլային հանդիպումը 90 րոպե է տևում, ու պետք է կարողանաս այդ 90 րոպեն արդյունավետ ավարտել:

Ց–Ցանկություն

Եթե ինչ որ բան շատ ես ցանկանում, ապա քո ցանկությունն անպայման կիրականանա:

Ու–Ուտելիք

Շատ եմ սիրում համեղ ուտեստներ

Փ –«Փյունիկ»

«Փյունիկը» իմ տունն է, այն թիմը, որին ես շատ եմ պարտական և որի կազմում կարողացել եմ առաջադիմել:

Ք–Քննադատություն

Ընդունում եմ քննադատությունը, երբ այն տեղին է լինում, սակայն չեմ հասկանում մարդկանց, ովքեր ոչնչից տեղյակ չեն, բայց հայտնում են իրենց կարծիքը:

Եվ–Եվրոպայի լիգա

Հուսով եմ՝ Եվրոպայի լիգայի «Ժալգիրիսի» հետ պատասխան խաղում կկարողանանք ետ բերել կորցրածը և անցնել հաջորդ փուլ:

Օ–Օրինակելի

Միշտ աշխատում եմ մարդկանցից օրինակ վերցնել ու նաև՝ օրինակ ծառայել մյուսների համար:

Ֆ–Ֆուտբոլ

Այս բառը, այս երևույթն արդեն շատ բան է ասում ու նշանակում:


Նախագիծը՝ Գայանե Նազարյանի


Լուսանկարները՝ Տարոն Ոսկանյանի անձնական արխիվից



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված