Հռիփսիմե Խուրշուդյանի ԱյբուբենըՀռիփսիմե Խուրշուդյանի Այբուբենը

Հռիփսիմե Խուրշուդյանի Այբուբենը

04.06.13 16:03
Հռիփսիմե Խուրշուդյանի Այբուբենը

Ինչպե՞ս են դիմում օլիմպիական բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանին մտերիմներն ու հարազատները, ո՞ր երևույթի անգամ բառային հիշատակումից է սարսափում ծանրորդուհին, ո՞վ է նրա ընկերն ու խորհրդատուն…

«Այբուբեն» նախագծի երրորդ հյուրը 2012թ-ի Լոնդոնի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, ծանրորդուհի Հռիփսիմե Խուրշուդյանն է:


Ա - Առաջ

Միշտ մտածել առաջ շարժվելու մասին՝ անկախ տարատեսակ հիասթափություններից ու դժվարություններից: Ես ինքս էլ առաջ եմ շարժվել ու շարունակում եմ՝ հաղթահարելով ամեն դժվարին փորձություն:

Բ - Բրազիլիա

Հավատում եմ, որ Բրազիլիան այն պետությունն է, որն իմ մարզական կարիերայի ամենափայլուն նվաճումն է ապահովելու:

Գ -Գոռոզություն

Վատ հատկանիշ է, ու կարծում եմ՝ միշտ անկման է բերում:

Դ -Դրսևորում

Մարդն ամենուր պիտի կարողանա իրեն ճիշտ դրսևորել:

ԵԵրազանք

Յուրաքանչյուր մարդ պիտի սրտում պահած երազանք ունենա, հանուն որի անհրաժեշտ է ապրել:

Զ - Զարմանք

Պետք չէ զարմանալ, երբ լսում ու տեսնում եք, որ կինը զբաղվում է ծանրամարտով:

Է - Էվրիկա

Արքիմեդի լեգենդար բացականչությունն է:

ԸԸնկերություն

Ընկերությունը սկսվում է այն ժամանակ, երբ մեկն ասում է.«Ի՞նչ: Դո՞ւ էլ: Իսկ ես կարծում էի միայն ես եմ, որ…»

Թ - Թերանալ

Պետք չէ թերանալ աշխատանքում: Թերությունները քողարկելով՝ ավելի լավը չես դառնա: Իսկ ա՛յ անկեղծ լինելուց ու դրանք խոստովանելուց միայն մեր հեղինակությունն է շահում:

Ժ - Ժամանակ

Որքա՜ն էլ արագ թռչի ժամանակը՝ այն ծայրահեղ դանդաղ է շարժվում նրա համար, ով սոսկ դիտում է ժամանակի շարժումը… Պետք է գնահատել ամեն մի վայրկյանը:

Ի - Ինքնասիրություն

Գոյություն ունի նաև «հիվանդագին ինքնասիրություն». այս դեպքում էլ ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ:

Լ - Լավատեսություն

Բնավորությանս լուսավոր գծերից մեկն է:

Խ - Խաղող

Շատ եմ սիրում…

Ծ - Ծիծաղ

Ծիծաղը C վիտամին է:

Կ -Կատու

Չեմ սիրում, բայց ինձ այդպես են դիմում իմ հարազատները:

Հ - Հռիփսիմե

Անուն, որ պատմություն ունի հայ ազգի հոգևոր կյանքում: Անուն, որը, հավատում եմ՝ պատմություն կթողնի հայ ազգի մարզական կյանքում:

Ձ - Ձմեռ

Եղանակներից չեմ սիրում Ձմեռը:

Ղ - ղատ

Հայոց այբուբենի 18-րդ տառն է:

Ճ - Ճաշակ

Ասում են՝ ճաշակին ընկեր չկա… Համամիտ եմ…

Մ -Մամա

Բառ, որն ինձ համար սրբություն է… Բառ, որը շատ շուտով նաև իմ հասցեին կլսեմ:

Յ - Յասաման

Գարունն ավետող բույր է տարածում… Սիրում եմ:

Ն - Նպատակ

Եթե ունես նպատակ, ուրեմն պիտի հասնես դրան՝ չնայած ճանապարհին հանդիպած դժվարություններին…

Շ - Շոկոլադ

Փոքրիկ երեխայի պես պաշտում եմ շոկոլադը:

Ո - Ոսկի

Ինձ համար այս բառը երկու իմաստ ունի. մեկն անփոխարինելի է, քանի որ մորս անունն է, երկրորդն էլ դեռ պիտի նվաճեմ՝ օլիմպիական ոսկին է:

Չ - Չարություն

Նույնիսկ հեռավորության վրա զգում եմ չարությունն ու չար մարդկանց….

Պ - Պապա

Ընտանիքի հենասյունն է, իսկ ինձ համար՝ իմ ընկերն ու խորհրդատուն…

Ջ - Ջուր

Կյանքը դրա շնորհիվ գոյություն ունի:

Ռ - Ռա

Տառ, որի մասին մտածեցի գրեթե 30 րոպե, և հասկացա, որ այն ինձ համար ընդամենը այբուբենի 28-րդ տառն է, հաջորդում է Ջ տառին )))

Ս - Սուտ

Չեմ ընդունում ո՛չ մի պարագայում…

Վ - Վարդ

Իմ ծաղիկն է: Շա՜տ եմ սիրում:

Տ - Տանջվել

Տանջվել արժե միայն նպատակին հասնելու համար եւ ոչ մի այլ պարագայում…

Ր -Րոպե
Գնահատում եմ կյանքիս ամեն վայրկյանը, իսկ 1 րոպեն ամբողջ 60 վայրկյան է:

Ց - Ցորեն

Կենսական ուժ է, հա՛ց է:

Ու – Ուրվական

Նույնիսկ բառից արդեն սարսափում եմ:

Փ - Փոքր

Ժողովրդական խոսքն ասում է՝ «Շուն լինես՝ տան փոքրը չլինես» )))

Ես միջնեկն եմ )))

Ք - Քար

Ինձ մոտ այն ասոցացվում է Հայաստանի հետ:

Եվ – Եվա

Ադամը չգնահատեց Եվային, նախընտրեց Լիլիթին ու դրանով սկիզբ դրեց տղամարդկանց դավաճանությանը:

Օ – Օլիմպիադա

Յուրաքանչյուր մարզիկի երանելի բարձունքն է համարվում:

Ֆ – Ֆանտաստիկա

Միայն ֆիլմերի առումով է նախընտրելի:


Նախագծի հեղինակ՝ Գայանե Նազարյան

Լուսանկարները՝ Հռիփսիմե Խուրշուդյանի անձնական արխիվից



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված