Լևոն Պաչաջյանի ԱյբուբենըԼևոն Պաչաջյանի Այբուբենը

Լևոն Պաչաջյանի Այբուբենը

28.05.13 16:00
Լևոն Պաչաջյանի Այբուբենը

Հանուն ինչի՞ է Լևոն Պաչաջյանը պատրաստ ամեն օր կնոջ հետ վիճել, ի՞նչ չի կարողանում ասել ու առանց ինչի՞ շատ վտանգավոր կլիներ «Շիրակի» ֆուտբոլիստը…

«Այբուբեն» նախագծի երկրորդ հյուրը 2007թ-ի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ, «Շիրակի» կիսապաշտպան Լևոն Պաչաջյանն է…


Ա – Ավանդույթ

Շատ կարևոր բառ է ինձ համար: Պետք է հնարավորինս լավ կարողանամ շարունակել և փոխանցել ընտանիքիս ավանդույթները: Նրանք երկար պատմություն ունեն ու դժվար ճանապարհ են անցել:

Բ – Բավականություն

Կարծում եմ՝ պետք է այնպես ապրել, որ այս բառը կյանքում հաճախ օգտագործես: Ինձ մոտ այն հաճախ է հնչում, մանավանդ՝ ֆուտբոլային հանդիպումներից հետո:

Գ – Գնդակ

Վերջին 23 տարիների ընթացքում ինձ հետ է եղել ու դեռ երկար կլինի… Դուք էլ գիտեք, թե ինչու )))

Դ – Դպրոց

Վերջին 1 տարվա ընթացքում այս բառն առավոտյան ժամը 7-ից անընդհատ լսում եմ: Ու, չնայած չեմ սիրում առավոտյան շուտ արթանանալը, այնքանով է կարևոր, որ պետք է աղջկաս դպրոց տանեմ:

Ե – Ելակ

Մմմմմմմ… )))

Զ – Զվարճանք

Մի քիչ չարաշահում եմ, բայց իսկապես արժե…)))

Է – Էվոլյուցիա

Է-ով ավելի հետաքրքիր բառ չեմ գտնում )))

Ը – Ընտանիք

Կարծում եմ՝ ցանկացած նորմալ մարդու համար ընտանիքից ավելի արժեքավոր բան այս կյանքում չի կարող լինել:

Թ – Թենիս

Եթե ֆուտբոլիստ չդառնայի, մեծ հաճույքով թենիսով կզբաղվեի: Շատ եմ սիրում այդ մարզաձևը: Հնարավոր է՝ երեխաներիցս մեկին, կամ՝ գուցե երկուսին էլ, թենիսի ուղարկեմ:

Ժ – Ժամանակ

Մարդու ամենաթանկ բանն է: Ափսոս, որ այն շատ արագ է անցնում:

Ի – Ինտերնետ

Իմ կյանքը դժվար եմ պատկերացնում առանց ինտերնետի: Չնայած, եթե այն չլիներ, գուցե այլ հետաքրքրություն գտնեի՝ այդ բացը լրացնելու համար:

Լ – Լավատեսություն

Ես միշտ լավատես՝ անկախ այն բանից, թե որքան խորն ու դժվար են խնդիրները:

Խ – Խաղ

Սիրում եմ խաղալ տարբեր խաղեր: Պոկեր, համակարգչային խաղեր՝ իմ կյանքի անբաժան մասն են դրանք:

Ծ – Ծխախոտ

Իմ ծխող ընկերները կհասկանան ինձ )))

Կ – Կինս

Կնոջս դերն իմ կյանքում շատ մեծ է: Նա ինձ պարգևել է իմ 2 հրեշտակներին: Շնորհակալ եմ, որ նա իմ կողքին է:

Հ – Հարություն

Հարություն հայրս, Հարություն տղաս… Նրանք իմ կյանքում ամենամեծ դերն են խաղում: Առաջինն իմ առաջնորդն է, մարդ, ում պարտական եմ ամեն ինչով: Իսկ հանուն երկրորդի ես ապրում եմ: Նա ուղղակի հրաշք է )))

Ձ – Ձևականություններ

Չե՛մ սիրում: Բայց հաճախ եմ հանդիպում:

Ղ – Ղեկավար

Շնորհակալ եմ իմ բոլոր ղեկավարներից՝ և՛ լավ և՛ վատ: Նրանք շատ հարցերում են օգնել ու հակառակը, որն ինձ համար մեծ փորձ էր:

Ճ – Ճանապարհ

Գործի բերումով միլիոն կմ-եր եմ անցել-գնացել ու դեռ մի այդքան էլ կանցնեմ:

Մ – Մայրս

Աշխարհի ամենաբարի կինը: Առանց նրա չէի լինի ու չեմ լինի:

Յ – «Յոթ»

Իմ ամենասիրելի ֆիլմերից մեկն է:

Ն – Նյու Յորք

Անպայման կգնամ: Այդ քաղաք այցելելն իմ երազանքն է:

Շ – Շուն

Միակ կենդանին է, որին ձեռք բերելու համար պատրաստ եմ ամեն օր կնոջս հետ վիճել )))

Ո – Ոչ

Շատ հաճախ այս բառը չեմ կարողանում արտաբերել: Չնայած՝ գիտեմ, որ ոմանք չարաշահում են վստահությունս ու անկեղծությունս:

Չ – Չվերթ

Հոգնել եմ դրանցից:

Պ – Պաչաջյան

Ու դրանով ամեն ինչ ասված է:

Ջ – Ջուր

Մարզումների ընթացքում յուրաքանչյուր 5 րոպեն մեկ:

Ռ – Ռիսկ

Գործի կեսն է, ես կասեի՝ ավելին, քան կեսը

Ս – Սուտ

Երբեմն պետք է )))

Վ – Վախ

Առանց դրա շատ վտանգավոր կլինեի )))

Տ – Տատս

Մարիա տատս մեր ընտանիքի հենասյունն է: Շուտով 90-ը կլրանա, բայց առողջ է: Անգամ մենք՝ երիտասարդներս, կնախանձեինք նման առողջությանը )))

Ր – Րոպե

Այս բառի մասին հաճախ եմ մտածում խաղերի ժամանակ: Այնքան արագ են անցնում րոպեները, երբ պարտվում ենք:

Ց – Ցուրտ

Տանել չեմ կարողանում: Ավելի լավ է + 60 աստիճան շոգ, քան, օրինակ – 1:

Ու – Ուրախություն

Թող այն շատ լինի մեր կյանքում

Փ – «Փյունիկ»

Շնորհակալ եմ «Փյունիկին», որ ինձ օգնեց մեծ ֆուտբոլ մուտք գործել: Այդ ակումբը միշտ հարազատ կլինի ինձ համար:

Ք – Քաղաքականություն

Թեև շատ եմ հետաքրքրվում, բայց՝ որքան հեռու, այնքան ավելի լավ:

Եվ – Եվա

Այդ դրախտում այլ միրգ չկա՞ր: Էս ի՞նչ արեցիր )))

Օ – Օտարամոլություն

Վերջին շրջանում այնքա՜ն հաճախ եմ հանդիպում մեզանում այս ցավալի երևույթը: Ափսոսում եմ, որ մենք չենք գնահատում մե՛րը: Չէ՞ որ մենք գնահատելու ու գնահատվելու կարիք ունենք:

Ֆ – Ֆուտբոլ

Դա է իմ կյանքի գործը մինչ այս պահը: Հուսով եմ, որ դեռ շատ տարիներ որևէ կարգավիճակում կմնամ ֆուտբոլում:


Նախագծի հեղինակ՝ Գայանե Նազարյան

Լուսանկարները՝ Լևոն Պաչաջյանի անձնական արխիվից



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված