Հռիփսիմե Խուրշուդյան. «Դեռ չեմ իրականացրել վաղեմի երազանքս»Հռիփսիմե Խուրշուդյան. «Դեռ չեմ իրականացրել վաղեմի երազանքս»

Հռիփսիմե Խուրշուդյան. «Դեռ չեմ իրականացրել վաղեմի երազանքս»

23.04.13 10:55
Հռիփսիմե Խուրշուդյան. «Դեռ չեմ իրականացրել վաղեմի երազանքս»

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը վերջերս տված հարցազրույցներից մեկում խոսել է մեր ծանրորդուհիների ու նրանց ընտանեկան «խնդիրների» մասին. ««Ծանրամարտի կանանց հավաքականի հիմնական կազմի խնդիր ունենք։ Մեր ծանրորդուհիները ամուսնանում են, մայրանում և հեռանում ծանրամարտից»: Եվրոպայի չեմպիոն, աշխարհի և օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր ծանրորդուհի Հռիփսիմե Խուրշուդյանը Ֆեյսբուքի իր էջում վրդովմունքն էր հայտնել Փաշիկ Ալավերդյանի խոսքերի վերաբերյալ: Հենց այդ մասին Sport.am-ը զրուցեց ծանրորդուհու հետ:

-Հռիփսիմե՛, պրն Ալավերդյանը վերջերս տված հարցազրույցներից մեկում նշել է, որ մեր ծանրորդուհիների համար ամուսնությունը նշանակում է մարզական կարիերայի ավարտ: Ինչպե՞ս կմեկնաբանեք դա թե՛ Ձեր պարագայում, թե՛ առհասարակ:

-Ամեն մարդ իր կարծիքն ունի: Եթե ընտանիք են կազմում, դեռ չի նշանակում մարզական կարիերայի ավարտ: Ինչու՞ մյուս երկրներում մարզուհիները կարող են ամուսնանալ, երեխաներ ունենալ և միաժամանակ մարզվել, իսկ Հայաստանում դա ընդունված չէ: Եթե մարզվում ես, անձնականը պետք է մոռանա՞ս, իսկ եթե անձնականիդ մասին ես մտածում, ուրեմն սպորտի ավա՞րտն է: Դա այդպես չէ:

-Մարզական կարիերայի հետ կապված ի՞նչ նպատակներ ունեք:

-Ես դեռ շատ բան ունեմ ասելու այս մարզաձևում: Բացի այդ՝ դեռ չեմ իրականացրել իմ վաղեմի երազանքը:

-Ո՞րն է Ձեր վաղեմի երազանքը:

-Չեմ ուզում ժամանակից շուտ խոսել այդ մասին: Երբ կատարվի, անպայման տեղյակ կպահեմ: Իհարկե, սպորտի հետ է կապված երազանքս:

-Այս ամսվա սկզբին կայացած ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը Հայաստանի կանանց հավաքականը չմասնակցեց: Նույնը նաև նախորդ տարի էր: Անկախ պատճառներից՝ ինչպե՞ս կմեկնաբանեք նման որոշումները:

-Պատճառը միայն վնասվածքներն են եղել: Այս տարի ես ասել էի, որ բաց կթողնեմ աշխարհի և Եվրոպայի առաջնությունները, իսկ 2014-ին կմիանամ թիմակիցներիս:

-Այսօրվա «ոսկե» հավաքականի կորիզին փոխարինող տեսնո՞ւմ եք աճող սերնդում:

-Շատ ուրախ եմ, որ ունենք աճող սերունդ: Ի ապացույց բոլորին՝ աղջիկները սկսել են հետաքրքրվել այս մարզաձևով: Հայաստանում արդեն մոտ 30 աղջիկներ են մարզվում: Հուսով եմ՝ քրտնաջան մարզումների շնորհիվ աղջիկները բարձր կպահեն թե՛ այս մարզաձևի, թե՛ Հայաստանի պատիվը:

Հարցազրույցը՝ Կատարինե Այդինյանի



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված