Սիմոն Մարտիրոսյան. «Մարզիչներիս ու երկրպագուներիս հուսախաբ չարեցի»Սիմոն Մարտիրոսյան. «Մարզիչներիս ու երկրպագուներիս հուսախաբ չարեցի»

Սիմոն Մարտիրոսյան. «Մարզիչներիս ու երկրպագուներիս հուսախաբ չարեցի»

19.04.13 21:23
Սիմոն Մարտիրոսյան. «Մարզիչներիս ու երկրպագուներիս հուսախաբ չարեցի»

Վերջերս Տաշքենդում ավարտված ծանրամարտի պատանիների աշխարհի առաջնությունում գերազանց հանդես եկավ էջմիածինցի գերծանր քաշային, 16-ամյա Սիմոն Մարտիրոսյանը: Նա նաև դարձավ մրցումների լավագույն ծանրորդ, իսկ ամենակարևորը` նրա հաղթական միավորների շնորհիվ Հայաստանը նվաճեց Նանկինի պատանեկան 2-րդ օլիմպիական խաղերի երկու ուղեգիր: Սիմոնի համար հաջող էր նաև 2012 թվականը. անցած տարի նա բրոնզե դուբլ գրանցեց` դառնալով Եվրոպայի ու աշխարհի առաջնությունների բրոնզե մեդալակիր:
-Սիմոն, բազմիցս հաջողությունների եք հասել Հայաստանում և միջազգային մրցաբեմերում, սակայն Տաշքենդում հասաք մինչ այժմ ամենամեծ նվաճման: Ինչպիսի՞ զգացում ունեցաք, երբ դարձաք աշխարհի չեմպիոն:
-Այդ ժամանակ միայն հասկացա, որ ծանրաձողը բարձրացրել եմ, սակայն հաղթանակիս դժվարանում էի հավատալ: Զգացումներս անբացատրելի էին, ավելի շատ ուրախ էի նրա համար, որ մարզիչներիս ու երկրպագուներիս հուսախաբ չարեցի, նրանք հավատում էին իմ հաղթանակին, ես էլ արդարացրի սպասելիքները:
-Իսկ մինչ մրցումները հավատու՞մ էիք չեմպիոնական հաջողությանը:
-Ես վստահ էի իմ ուժերին, վստահության զգացումը առաջացել էր քրտնաջան մարզումների ժամանակ: Շատ շնորհակալ եմ իմ մարզչին՝ Աշոտ Փիլիպոսյանին, և բոլոր այն մարդկանց, ովքեր ինձ հետ էին, իմ կողքին:
-Տաշքենդում մեզ հարկավոր էին նաև թիմային միավորներ՝ վարկանիշ ձեռք բերելու համար: Այդ հանգամանքը ձեզ մոտ կաշկանդվածություն չէ՞ր առաջացնում:
-Իհարկե ոչ, մենք թիմով ջանում էինք շատ միավորներ վաստակել, 6 հոգով մենք կարողացանք գրավել թիմային 8-րդ տեղը: Եվ 2 վարկանիշ ձեռք բերեցինք, ինչի համար բոլորս շատ ուրախ էինք:
-Դուք նաև ճանաչվեցիք մրցումների լավագույն մարզիկ…
-Այո, որի համար շատ ուրախ եմ: Հիմա ես զգում եմ, որ իմ թափած քրտինքը տեղին է եղել:
- Երբ վերադարձաք` ինչպե՞ս ձեզ դիմավորեցին:
-Հիանալի, շատ շնորհակալ եմ այն մարդկանց , ովքեր չէին անտեսել ինձ: Դիմավորելու էին եկել իմ բոլոր բարեկամներն ու համագյուղացիները, ովքեր ինձ էին սպասում ծաղիկներով ու նվերներով:
-Իսկ դպրոցում ինչպե՞ս դիմավորեցին:
- Ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ դպրոցի ուսուցչակազմին, որը դասընկերներիս հետ միասին ինձ շատ լավ ընդունեց: Ընկերներիցս ստացա բազմաթիվ հուշանվերներ, ինձ մաղթեցին շարունակական հաղթանակներ: Նրանց լավ խոսքերն ու մաղթանքները ինձ ավելի են պարտավորեցնում: Խոստանում եմ մյուս մրցումներին ավելի լավ հանդես գալ:
- Գիտեմ, որ այս հարցը ձեզ համար ցավալի է, բայց կցանկանայի մի քանի խոսքով պատասխանեիք: Մրցումների մեկնելու օրը մահացավ ձեր տատիկը՝ մարդ, ով ձեզ համար շատ թանկ էր, ե՞րբ տեղեկացաք գույժի մասին:
-Տատիկիս մահը ինձ հայտնեց հորեղբայրս: Իմացա, երբ արդեն վերադարձել էի: Ամբողջ ընթացքում ինձնից թաքցրել էին, որպեսզի տրամադրությունս չընկնի և չազդի մրցելույթներիս վրա:
-Երեկ ձեզ համար շատ նշանավոր օր էր. ստացաք սպորտի վարպետի կոչում:
-Այո, շատ ոգևորիչ պահ էր:
- Գիտեմ, որ նաև հանդիպել եք Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանին: Ինչպե՞ս անցավ ձեր հանդիպումը:
-Քաղաքապետը ինձ համար պատրաստել էր դրամական պարգև և պատվոգիր: Մենք զրուցեցինք, պարոն Գրիգորյանն ինձ ասաց, որ այս ամենով չսահմանափակվեմ և ձգտեմ ավելիին, դառնամ օլիմպիական չեմպիոն:
-Պատանեկա՞ն, թե՞…
-Սկզբում պատանեկան, հետո…(Ծիծաղում է): Իսկ ավելի լուրջ, չգիտեմ, թե պարոն Գրիգորյանը որը նկատի ուներ: Ես առայժմ պատրաստվում եմ մասնակցել Չինաստանում կայանալիք պատանեկան օլիմպիական խաղերին: Կարծում եմ` մինչ այդ ոչ մի ուրիշ մրցման չեմ մասնակցի, որպեսզի կարողանամ լավ մարզվել և պատշաճ կերպով ներկայանալ օլիմպիական խաղերին: Այն մարդկանց, ովքեր ինձ վստահում են և մեծ հույսեր կապում, կաշխատեմ հուսախաբ չանել:
Մարինե Թամիրյան



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված