Եվրոպայի կրկնակի չեմպիոնի նոր պաշտոնըԵվրոպայի կրկնակի չեմպիոնի նոր պաշտոնը

Եվրոպայի կրկնակի չեմպիոնի նոր պաշտոնը

18.04.13 16:05
Եվրոպայի կրկնակի չեմպիոնի նոր պաշտոնը

Օրերս ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ծանրամարտի, բռնցքամարտի և սուսերամարտի ամբիոնի վարիչ նշանակվեց անվանի ծանրորդ, Եվրոպայի կրկնակի չեմպիոն ու տարբեր տարիների մրցանակակիր Աշոտ Դանիելյանը: Այդ առիթով sport.am-ի ամբողջ անձնակազմի անունից շնորհավորում ենք նրան և ներկայացնում մեր թղթակցի հարցազրույցը:

-Պարոն Դանիելյան շնորհավորում ենք Ձեզ՝ ամբիոնի վարիչ դառնալու կապակցությամբ:

-Շնորհակալություն:

-Դուք արդեն պաշտոնապես հաստատվե՞լ եք, թե՞ դեռ պաշտոնակատար եք:

-Դեռ պաշտոնակատար եմ, բայց մոտակա գիտխորհրդի ժամանակ կհաստատվեմ:

-Ամբիոնը Գալուստ Ազիզյանի (ՀՀ վաստակավոր մարզիչ, եղել է լեգենդար Յուրի Վարդանյանի մարզիչը, վերջերս էլ մարզում էր Նորայր Վարդանյանին) օրոք մեծ համբավ ուներ բուհում թե՛ մարզական, թե՛ ուսումնական, թե՛ գիտական նվաճումների առումով: Ինչպե՞ս եք պատրաստվում պահպանել ամբիոնի բարի համբավը:

-Այն որ մեր ամբիոնը մեծ համբավ ունի բուհում, փաստ է: Եվ նույնիսկ կարելի է ասել ինստիտուտի լավագույն ամբիոնն է: Ընկեր Ազիզյանը տարիների փորձ ունի: Նա համախմբում էր մեզ և մենք բոլորս միասին էինք առաջ տանում ամբիոնը: Այժմ ես, ստանձնելով ամբիոնի վարիչի պաշտոնը, ամեն կերպ կաշխատեմ բարձր պահել ամբիոնի համբավը, այդ

համբավը Պարոն Ազիզյանը շատ մեծ դժվարությամբ է վաստակել:


-Իսկ նոր ծրագրեր ունե՞ք, հնարավո՞ր է նոր փոփոխություններ կատարվեն ամբիոնում:

-Այժմ փոփոխություններ չկան, փոփոխություններ կլինեն նոր ուսումնական տարում: Այդ ժամանակ` սկսած դասացուցակից մինչև ավելի լուրջ գործողություններ, որոշ փոփոխություններ կլինեն:

-Պարոն Դանիելյան վերջերս Տաշքենդում ավարտվեց պատանիների աշխարհի առաջնությունը. ձեր գնահատականը մեր պատանիների մասնակցության վերաբերյալ:

-Եթե հիշենք մեր ծանրորդների նախորդ տարիների մրցելույթները, ապա այս տարի այնքան էլ լավ արդյունքներ ցույց չտվեցին մեր մարզիկները, թեպետ կատարեցին իրենց առջև դրված խնդիրը` նվաճելով 2014 թվականի պատանեկան օլիմպիական խաղերի երկու ուղեգիր: Մեր պատանեկան հավաքականները միշտ էլ աչքի են ընկել մեդալներիառատությամբ: Այնուամենայնիվ, Տաշքենդում առաջադրանքը կատարվել է, ես գնահատում եմ բավարար:

-Գերծանր քաշային Սիմոն Մարտիրոսյանը հռչակվեց աշխարհի չեմպիոն, ի՞նչ կասեք նրա մասին:

-Սիմոնը շատ լավ հանդես եկավ, հիանալի պատանի է, ունի մեծ հեռանկարներ: Նրան շարունակական հաջողություն եմ մաղթում:

-Օրեր առաջ Եվրոպայի մեծահասակների առաջնությունում հաջող հանդես չեկան մեր մյուս գերծանր քաշայինները` Հայկ Հակոբյանն ու Գոռ Մինասյանը, նրանց մասին ի՞նչ կասեք:

-Հայկը և Գոռը կարող էին ավելի լավ ներկայանալ և ավելին անել, բայց…Կարծում եմ` նրանք դեռ իրենց արդյունքներով շատերին կզարմացնեն, նրանցից սպասելիքները մեծ են: Հուսով եմ կարդարացնեն, որովհետև շատ աշխատասեր են:

-Այսօր գերծանրների պակաս չենք զգում, նշվածներին կարող է ավելանալ նաև Ռուբեն Ալեքսանյանը: Նախկինում մրցակցությունը միայն ձեր և Արա Վարդանյանի միջև էր: Կարո՞ղ եք զուգահեռներ անցկացնել:

-Այո, Ռուբենը նույնպես լավ մարզիկ է, հիմա վնասվածք ունի ապաքինվելուց հետո կվերադառնա: Իսկ ինչ վերաբերում է Արա Վարդանյանին նա էլ էր հիանալի մարզիկ, աշխատասեր, մենք միասին մասնակցել ենք մի քանի մրցումների: Նա նույնիսկ դարձավ աշխարհի արծաթե մեդալակիր: Այնուհետև որոշեց հանդես գալ Ուկրաինայի դրոշի ներքո: Իսկ զուգահեռներ չեմ ուզում անցկացնել, քանի որ մենք արդեն ավարտել ենք մեր մցելույթները, իսկ նշված գերծանր քաշայինները դեռ շատ երիտասարդ են ու շատ անելիք ունեն :

-Ձեր ընդհանուր գնահատականը հայկական ծանրամարտի ներկայիս վիճակի մասին:

-Մեր ծանրորդները շատ երիտասարդ են, նրանց ժամանակ է հարկավոր, ես կարծում եմ, որ որոշ ժամանակ անց նրանք իրենց խոսքը կասեն ամբողջ աշխարհին:

-Դուք երկար ժամանակ երիտասարդական հավաքականի մարզիչն էիք, բայց անսպասելիորեն հրաժարվեցիք այդ աշխատանքից: Պատճառը անձնակա՞ն էր, թե՞ ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի հետ էլ խնդիրներ կային:

-Ոչ, միջազգային ֆեդերացիայի հետ խնդիրներ չկան, ես իմ անձնական ցանկությամբ եմ հրաժարվել երիտասարդական հավաքականից: Չորս տարի աշխատելուց հետո, պարզապես եղավ այնպիսի մի պահ, որ պետք է կողմնորոշվեի, թե որ ուղղությումբ խորանամ. մի քանի աշխատանք անհնար էր համատեղել:

-Ասում են կենդանասեր մարդիկ շատ բարի են: Գիտենք, որ ձեր նախասիրությունների մեջ ուրույն տեղ ունեն նաև սողունները:

-Այո, ես սիրում եմ կենդանիներ և սողուններ պահել, ազատ ժամանակ գնում եմ ձկնորսության, ընդհանրապես սիրում եմ ժամանակս անցկացնել բնության գրկում:

-Իսկ ձեր պիտոնը դեռ կա՞:

-Այո:

-Շնորհակալություն զրույցի համար:

-Ձեզ էլ շնորհակալություն:

Զրուցեց` Մարինե Թամիրյանը



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված