Կանանց սպորտը երկրորդ պլան մղվելու տարօրինակ միտումներ ունի ՀայաստանումԿանանց սպորտը երկրորդ պլան մղվելու տարօրինակ միտումներ ունի Հայաստանում

Կանանց սպորտը երկրորդ պլան մղվելու տարօրինակ միտումներ ունի Հայաստանում

04.04.13 13:45
Կանանց սպորտը երկրորդ պլան մղվելու տարօրինակ միտումներ ունի Հայաստանում

Հայկական սպորտում զարմանալի մի ուրվական է թևածում՝ կանանց հանդեպ որոշակի խտրականություն դնող մի ուրվական:

Դեռ հունվարին ՀՖՖ նախագահի խորհրդական Արայիկ Մանուկյանը հայտարարել էր, որ այս տարի ֆեդերացիան նպատակահարմար չի համարել կանանց հավաքականի մասնակցությունը Եվրոպայի առաջնությանը:

Պա´րզ, կա´րճ, կոնկրե´տ:

Ու առանձնակի քննարկումների թեմա այս հայտարարությունը չդարձավ, քանի որ առանց այդ էլ ոչ ոք ոչ մի դրական հույզ ու ապրումներ մեր կանանց ու աղջիկների հավաքականի ելույթներից երբևէ չէր ստացել: Որտեղ անթիվ-անհամար խոշոր հաշվով պարտություններ, այնտեղ էլ՝ դժգոհություն ու բողոքներ, ու արդեն՝ նաև փակ դռներ:

Իսկ, այ, ծանրամարտում տրամագծորեն հակառակ պատկերն էր. մեր աղջիկները վերջին տարիներին բավական հաջող ելույթներ են ունենում տարբեր մրցահարթակներում: Հիշենք, թեկուզ, 2009թ-ին Նազիկ Ավդալյանի՝ Եվրոպայի ու աշխարհի չեմպիոնի տիտղոսները, կամ Մելինե Դալուզյանի՝ Եվրոպայի չեմպիոնությունը: Եվ վերջապես չմոռանանք, որ անցած օլիմպիական խաղերում ծանրամարտի մեր հավաքականի կազմում միակ բրոնզե մեդալը նվաճեց կին-ծանրորդը՝ Հռիփսիմե Խուրշուդյանը:

Այս 3 կանանց հաղթական օրինակը միանշանակ վարակիչ էր. շատ աղջիկներ հետաքրքրվեցին ծանրամարտով ու բռնեցին նրանց ուղին...

Սակայն ի՞նչ ունենք այսօր: Իսկ այսօր ունենք հետևյալը. Տիրանայում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը մեր կանանց հավաքականը ՉԻ´ մասնակցելու: Պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ 75 կգ քաշային Մելինե Դալուզյանն ու 53 կգ քաշային Էլեն Գրիգորյանը համապատասխանաբար ծնկի ու ձեռքի վնասվածք ունեն, իսկ 58 կգ քաշայիններ Աննա Գոբելյանն ու Իզաբելլա Յալյանն էլ նոր են հայտավորվել ու լավ մարզավիճակում չեն:

Հարց է առաջանում' իսկ ո՞ւր են նայում/նայել մարզիչները: Չէ՞ որ այնքան էլ նորմալ չէ, երբ մի ամբողջ հավաքական «վնասվածքախեղդ» վիճակում է կամ էլ պատրաստ չէ աշխարհամասի կարևորագույն ստուգատեսին:

Սակայն անհանգստության առիթ է ոչ միայն հավաքականի այսօրվա վիճակն, այլև առհասարակ նախադեպը: Որպես հիշեցում՝ ծանրամարտի կանանց հավաքականը անցած գարնանն էլ չմասնակցեց Անթալիայում կայացած Եվրոպայի առաջնությանը: Այն ժամանակ չմասնակցությունը պատճառաբանվում էր ծանրորդուհիներին հանգիստ տալու անհրաժեշտությամբ, քանի որ նրանք Հայաստանի առաջությունից հետո չէին հասցնի վերականգնվել ու պայքարել մեդալների համար: Մեղմ ասած՝ ոչ այնքան համոզիչ պատճառաբանություն. ճիշտ այս տարվա վնասվածքների ու անպատրաստ լինելու պես:

Այս ամենը երկար ու խորը մտորելու առիթ է տալիս...


Գայանե Նազարյան



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված