Новая политика в тяжелой атлетикеНовая политика в тяжелой атлетике

Новая политика в тяжелой атлетике

31.03.13 13:37
Новая политика в тяжелой атлетике

Ապրիլի 6-ին ծանրամարտի Հայաստանի հավաքականը մեկնելու է Տիրանա` մասնակցելու Եվրոպայի հերթական առաջնությանը: Այս անգամ, մեր տղաների թիմը կազմված է լինելու երեք հոգուց` Անդրանիկ Կարապետյան (77 կգ) և գերծանր քաշայիններ Հայկ Հակոբյան ու Գոռ Մինասյան: Մեզ հուզող հարցերին պատասխանեց ծանրամարտի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Պողոս Պողոսյանը:
-Պարոն Պողոսյան, առաջին հայացքից շատ անսպասելի կազմ է ընտրված, ո՞րն է պատճառը:
- Պատճառը Լոնդոնի օլիմպիական խաղերում մեր փորձառու տղաների անհաջող մրցելույթն է: Եվ քանի որ առջևում Ռիո- 2016-ն է, ուստի որոշեցինք քառամյա փուլի հենց սկզբից մեծ ուշադրություն դարձնել տաղանդավոր երիտասարդներին: Ե´վ Անդրանիկը, և´ Գոռը փայլուն հաջողությունների են հասել պատանեկան առաջնություններում: Իրեն վատ չի դրսևորել նաև Հայկ Հակոբյանը:
-Բայց ժամանակից շուտ մեծահասակների հարթակ մտնելը վտանգավոր չէ,՞ հատկապես երիտասարդ գերծանր քաշայինների համար: Կարծում եմ` հիշում եք Ռուբեն Ալեքսանյանի դեպքը:
-Վնասվածքային խնդիրներ ունեցավ ոչ միայն Ալեքսանյանը, այլև Սմբատ Մարգարյանը: Բայց նրանց վնասվածքների պատճառը ոչ թե ժամանակից շուտ մեծահասակների առաջնություններում մասնակցելն էր, այլ այն, որ նրանց տարեկան 4-5 շատ կարևոր մրցումների էին ուղարկում: Իսկ մենք Անդրանիկին ու Գոռին, Եվրոպայի առաջնությունից բացի, կուղարկենք միայն երիտասարդների աշխարհի առաջնության: Ի դեպ` Ռուբենը շատ լուրջ բուժվել է Գերմանիայում, իրեն շատ լավ է զգում: Նա Եվրոպայի առաջնությունից հետո կմիանա հավաքականին ու միասին կնախապատրաստվենք աշնանը կայանալիք աշխարհի առաջնությանը:
-Հասկանալի է, որ այս Եվրոպայի առաջնությունը տղաների համար հաջորդ օլիմպիական խաղերին նախապատրաստվելու ծրագրի մեջ է մտնում: Այնուամենայնիվ, հայ մարզասերը մեդալների ակնկալիք ունենա՞ տղաներից, թե ոչ:
-Ես զարմանում եմ, որ որևէ մարզիչ պատասխանում է այս հարցին: Ես միայն կարող եմ ասել, որ տղաները լավ մարզավիճակում են և այս կարևոր մրցմանը հաջող հանդես կգան:
-Իսկ այդ լավ մարզավիճակին ինչպե՞ս են հասել:
-Մենք տարեսկզբից ծրագրավորված ուսումնամարզական հավաքների մեջ ենք, այժմ էլ շարունակում ենք մարզվել Աբովյանում, և մինչև ապրիլի 5-ը կմնանք այնտեղ ու այնտեղից էլ կմեկնենք Ալբանիայի մայրաքաղաք:
-Եվրոպայի առաջնությունից հետո ի՞նչ ծրագրեր ունեք:
-Եվրապայի առաջնությունից վերադառնալուց որոշ ժամանակ հետո լիովին նախապատրաստվելու ենք տարվա կարևոր ստուգատեսին` հոկտեմբերին կայանալիք աշխարհի առաջնությանը: Մինչ այդ կանցկացնենք 5 ուսումնամարզական հավաք:
-Նորից հույսը դնելու եք երիտասարդների վրա, թե՞ կլինեն նաև փարձառուներ:
-Աշխարհի առաջնությանը նպատակադրվել ենք մասնակցել ամբողջական թիմով: Եթե ոչ մի վնասվածքային և այլ խոչընդոտներ չլինեն, թիմի կազմում կհայտնվեն Արա խաչատրյանը, Տիգրան Մարտիրոսյանը, Ռուբենի համար արդեն ասեցի և էլի կան հին տղաներից, որոնք կարող են ընդգրկվել հավաքականի կազմում:
-Իսկ Գևորգ Դավթյանը՞:
-Լսել եմ տարբեր մարզիչներից, որ Դավթյանն ու ավագ Տիգրան Մարտիրոսյանը սկսել են մարզվել, բայց նրանք արդեն 31 տարեկան են և դժվար թե կարողանան վերականգնել իրենց հնարավորությունները: Նրանք շատ լավ ծանրորդներ էին ժամանակին ու բազմաթիվ հաջողությունների են հասել պատանեկան, երիտասարդական և մեծահասակների առաջնություններում: Սակայն, կարծում եմ, որ շատ դժվար կլինի նրանց համար ընդգրկվել հավաքականում:
-Եվ վերջին հարցը: Ձեր ամբողջ քաղաքականությունը ուղղված է դեպի Ռիո դե Ժանեյրո: Ի՞նչ եք կարծում 2016-ի օլիմպիական խաղերում մենք կունենանք ամբողջական` 6 հոգանոց մարտունակ, մեդալների համար լրջորեն պայքարող թիմ:
-Կունենանք վեց հոգանոց թիմ, թե ոչ, այդ հարցերի պատասխանը կստանանք 2014 և 2015 թվականների վարկանիշային աշխարհի առաջնություններից հետո: Սակայն մինչ այդ կասեմ, որ մենք պլանավորել ենք, եթե ոչ 6, ապա` գոնե 5 հոգի ունենալ Ռիո դե Ժանեյրոյում:

Զրուցեց` Արման Գևորգյանը


Հ.Գ. Մեր զրույցից պարզ դարձավ, որ հայկական ծանրամարտի նոր ղեկավարությունը փոխել է մարզական քաղաքականությունը: Եվրոպայի առաջնությունների առատ մեդալների և ավելի լուրջ առաջնություններում նվազ ձեռբերումների փոխարեն, հաջողության գլխավոր ուղի է ընտրել մարզական կարևորագույն միջոցառումը` օլիմպիական խաղերը:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված