Էդուարդ Կիզօղլյան. «Հուսով եմ, որ Տաշքենդում կստանանք Նյանկինի ուղեգրերը»Էդուարդ Կիզօղլյան. «Հուսով եմ, որ Տաշքենդում կստանանք Նյանկինի ուղեգրերը»

Էդուարդ Կիզօղլյան. «Հուսով եմ, որ Տաշքենդում կստանանք Նյանկինի ուղեգրերը»

30.03.13 19:00
Էդուարդ Կիզօղլյան. «Հուսով եմ, որ Տաշքենդում կստանանք Նյանկինի ուղեգրերը»

Ապրիլի 6-13-ը Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում տեղի կունենա ծանրամարտի պատանիների աշխարհի առաջնությունը, որին Հայաստանը կներկայանա 8 ծանրորդով:
«Մեզ շատ պատասխանատու մրցումներ են սպասվում»,- Sport.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչ, ՀՀ վաստակավոր մարզիչ Էդուարդ Կիզօղլյանը:
-Իսկ ինչու՞ շատ պատասխանատու, միթե՞ բոլոր աշխարհի առաջնություններն էլ նույնը չեն:
-Բանն այն է, որ Տաշքենդում ոչ միայն որոշվելու են չեմպիոններն ու մրցանակակիրները, այլև` խաղարկվելու են Նյանկինի 2014 թվականի պատանեկան օլիմպիական 2-րդ խաղերի ուղեգրերը: Այդ իսկ պատճառով մասնակիցների թիվը, նախորդ առաջնության համեմատ կրկնապատկվել է: Բոլոր ուժեղագույնները Տաշքենդում կռիվ են տալու հատկապես ուղեգրերի համար:
-Իսկ ինչպե՞ս են դրանց հասցեատերերը որոշվելու:
-Թիմային հաշվարկով 1-8-րդ տեղերը գրաված հավաքականներին կտրամադրվի երկու, 9-16-րդ տեղերը գրավածներին` մեկ ուղեգիր:
-Ի՞նչ եք կարծում մեր ընտրանու ներուժը թույլատրում է հույսեր փայփայել, որ ձեռք կբերվեն այդ երկու ուղեգրերը:
- Մեծ սպասելիքներ ունենք հատկապես 17-ամյա, բայց միջազգային մրցաբեմերում թրծված Սիմոն Մարտիրոսյանից: Նա հանդես է գալու +94 կգ քաշային կարգում: Լավ արդյունք կարող է ցույց տալ նաև 69 կգ քաշային, պատանիների Եվրոպայի չեմպիոն Ժորժ Եղիկյանը: Հուսալի արդյունքներ է գրանցում 50 կգ քաշային Մարզպետ Մինասյանը, սակայն նա միջազգային փորձ չունի և դժվար է ասել, թե ինչպես իրեն կդրսևորի Ուզբեկստանի մայրաքաղաքում:
-Հայաստանը բոլոր քաշային կարգերում էլ մասնակիցներ կունենա՞:
-Ոչ բոլոր, օրինակ` 69-ում Եղիկյանի հետ հանդես կգա Արթուր Սարգսյանը, +94-ում Սիմոնի հետ Աշոտ Բեգզատյանը: Ներկայացուցիչներ կունենանք նաև 56, 77 և 85 կգ քաշային կարգերում, որոնցում համապատասխանաբար հանդես կգան Դավիթ Գալստյանը, Սամվել Գասպարյանը և Հովհաննես Ավդալյանը:
-Թիմային պայքարում շատ կարևոր է «զրո» չստանալը, իսկ մեր հավաքականի առաջատարները պայքարելու են նաև մեդալների համար:Ի՞նչ եք կարծում այս երկու` թիմային և անհատական խնդիրները միաժամանակ կարո՞ղ են լուծել մեր ծանրորդները:
-Տղաները բոլորն էլ լավ մարզավիճակում են. դեկտեմբերից նախապատրաստվում ենք այս կարևոր մրցումներին: Աբովյանում արդեն 4-րդ ուսումնամարզական հավաքն ենք անցկացնում: Այստեղից էլ ապրիլի 5-ին կմեկնենք Տաշքենդ: Ինչ վերաբերում է մեդալներին, ապա ասեմ, որ տղաները քաջ գիտակցում են, որ մեր գերխնդիրը թիմային հաշվարկով 1-8-րդ տեղը գրավելն է լինելու, ուստի նույնիսկ մեդալների համար պայքարողները առավելագույն քաշերից չեն սկսի պայքարը:
-Այնուամենայնիվ, եթե չհաջողվի աշխարհի առաջնությունում լուծել երկու ուղեգրերի խնդիրը, հնարավոր չէ՞ որևէ մրցաշարում լրացնել այդ բացը:
-Եթե Տաշքենդում հանկարծ մեկ ուղեգիր ձեռք բերենք, ապա մյուս ուղեգրի հարցը կարող ենք լուծել Եվրոպայի առաջնությունում: Բայց ես լիահույս եմ, որ մենք Տաշքենդում կստանանք Նյանկինի ուղեգրերը:


Զրուցեց` Արման Գևորգյանը



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված